Գլխավոր Նորություններ Արամ Հարությունյան. Իմ հարվածն ուղղված էր բոլոր նրանց, ովքեր ստեղծել են ֆեյքերի...

Արամ Հարությունյան. Իմ հարվածն ուղղված էր բոլոր նրանց, ովքեր ստեղծել են ֆեյքերի ու սադրիչների ինստիտուտը

246

«Գեղեցիկ չստացվեց, որ հարվածը ստացավ այդ կինը, բայց մյուս կողմից ցանկացած նման կարգի մարդ,  անկախ սեռից, պետք է հասկանա, որ ի վերջո կստանա արժանի պատասխան»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Արամ Հարությունյանը՝  խոսելով նախօրեին Ռ.Քոչարյանի և մյուսների գործից հետո դատարանի առջև տեղի ունեցած միջադեպի մասին։

Նա պատմեց, որ դատական նիստի ավարտից հետո ինքը «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի հետ դուրս գալով  շենքից, տարբեր մարդիկ՝ կանայք և տղամարդիկ, իրենց հետևից վատ, ցենզուրայից դուրս արտահայտություններ են արել, կոնկրետ իր հետևից ասել են՝ «թուրք, թուրք», սակայն ուշադրություն չեն դարձրել։

«Անընդհատ գալիս էին մեր հետևից։ Բայց երբ մոտեցան ու հավասարվեցին, նրանցից մի կին ասաց՝ «թուրք, բալիդ թաղեմ»։ Ինձ համար արդեն սահմանն անցան, և ես հարվածեցի։ Այդ կինը Նիկոլ Փաշինյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի քայլող ֆեյքերից է»,- ասաց Ա. Հարությունյանը։

Նա նշեց, որ  նույն ձևի  սադրանք եղել է նաև 2008 թ. մարտի 1-ին, երբ ոստիկանների վրա քարեր էին նետել, հայհոյել։

«Նույն ձեռագիրն է»,- ասաց նա։

Ա. Հարությունյանի խոսքով, իր հարվածն ուղղված էր բոլոր նրանց, ովքեր ստեղծել են Ֆեյսբուքում ֆեյքերի ինստիտուտն ու դրսում՝ սադրիչների ինստիտուտը։

Արամ Հարությունյանը բերման էր ենթարկվել։ Նա ասաց, որ ոստիկանությունում  մնացել են երեք ժամ, այդ կինը չէր կարողանում հայերեն գրել։

«Նա չէր կարողանում գրել հայերեն,  բայց գնացել էր Սահմանադրական դատարան ու գործառույթային անձեռնմխելիության հետ կապված նիստին էր մասնակցում ու դիրքորոշում ցույց տալիս»,- ասաց նա։