Գլխավոր Նորություններ «Ցեղասպանությունը ճանաչած երկրների թվի աճը մեզ համար հույժ կարևոր է, դա ուղղակի...

«Ցեղասպանությունը ճանաչած երկրների թվի աճը մեզ համար հույժ կարևոր է, դա ուղղակի բարոյական հարց է». «Արտույտների ագարակը» վեպի հեղինակ Անտոնիա Արսլան

129

Հարցազրույցի ժամանակ լրագրողն անդրադարձել է այս ամիս Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից ընդունված բանաձևին, որը կոչ է անում Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրան միջազգային հնչեղություն տալ, ինչից հետո Թուրքիայում Իտալիայի դեսպանը երկրի արտգործնախարարություն էր կանչվել:

«Ամեն անգամ, երբ որևէ երկրում Ցեղասպանության ճանաչմանն ուղղված փորձեր են արվում, ինչպես շաբաթներ առաջ տեղի ունեցավ Իտալիայում, նույն սցենարն է կրկնվում. Թուրքիան բողոքում է, ետ է կանչում իր դեսպանին, կանչում է տվյալ երկրի դեսպանին և այլն: Եթե Կատանձարո (շրջան Իտալիայի հարավային Կալաբրիա մարզում – Tert.am) շրջանի որևէ փոքրիկ համայնք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունում, Թուրքիան սպառնում է խզել Իտալիայի հետ տնտեսական հարաբերությունները: Դրանք ինքնաբուխ արձագանքներ են, որոնք ի վերջո ոչ մի հետևանք չեն ունենում»,- ասել է գրողը:

Լրագրողի այն հարցին, թե ինչ կարևորություն կարող է ներկայացնել Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թվի աճը, Արսլանը պատասխանել է, որ դա բարոյական հարց է՝ չնայած որևէ գործնական հետևանքներ չի ունենա:

«Թուրքիայի իշխանությունները կարող են բողոքել, սպառնալ ետ կանչել դեսպաններին, սակայն Ցեղասպանությունը ճանաչած երկրների թվի աճը մեզ համար հույժ կարևոր է, դա ուղղակի բարոյական հարց է: Այդ դեպքում Թուրքիան այլևս չի կարող ասել, որ ցեղասպանությունը հայերի կողմից մշակված դավադրություն է: Ցավոք, այդ կարծիքն է՛լ ավելի է ամրապնդվում միջազգային մակարդակով»,- ասել է Արսլանը՝ կարևորելով Մեծ եղեռնի մասին խոսելու անհրաժեշտությունը:

Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վեպը լույս է տեսել 2004թ.-ին և պատմում է Օսմանյան կայսրության օրոք Անատոլիայում ապրող մի խումբ հայերի ողբերգության մասին: Գիրքը վաճառվել է ավելի քան 1 մլն օրինակով՝ արժանանալով 15 գրական մրցանակի, իսկ 2007 թ.-ին ֆիլմի սյուժեով Վիտտորիո և Պաոլո Տավիանի եղբայրները նկարահանել են համանուն ֆիլմը: