Գլխուղեղի կաթվածն ամենավտանգավոր հիվանդություններից է, որը հաճախ դառնում է հիվանդի մահվան կամ անդամալուծության պատճառ: Նման հետևանքներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ավելի ուշադիր լինել օրգանիզմի տված ազդանշանների նկատմամբ:
«Аргументы Недели» պարբերականի տվյալներով՝ գոյություն ունի առնվազն հինգ ախտանշան, որոնք նախազգուշացնում են գլխուղեղի կաթվածի շատ բարձր հավանականության մասին: Դրանց շարքին են դասվում.
- մարմնի որևէ հատվածի շարժողական ակտիվության լիարժեք կորուստը,
- կտրուկ զարգացող գլխացավը,
- «թունելային» տեսողությունը, որի դեպքում մարդը տեսնում է միայն կենտրոնում գտնվող իրերն ու օբյեկտները և կորցնում է պերիֆերիկ տեսողությունը,
- հալյուցինացիաները, որոնք պայմանավորված չեն որևէ դեղամիջոցի ընդունմամբ,
- խոսքի խանգարումներ:
Նշված ախտանշաններից բացի գլխուղեղի կաթվածի բարձր հավանականության մասին կարող են վկայել նաև այնպիսի խնդիրները, ինչպիսին են կտրուկ թուլությունը, ձեռքի կամ ոտքի ծակծկոցը, որը նման է թմրածության, գլխապտույտը, պատկերի երկակիությունը, չափազանց քնկոտությունը կամ մեկ աչքի տեսողության կտրուկ կորուստը:
Այս խնդրի ախտանշան կարող է լինել նաև հոգնածության զգացողությունը, որն ի հայտ է գալիս շատ կտրուկ: Նման հոգնածությունը կարող է վկայել գլխուղեղի արյան մատակարարման խանգարման մասին:
Բժիշկները նախազգուշացնում են, որ գլխուղեղի կաթվածի անգամ երիտասարդ տարիքում կարող է հանգեցնել ուժեղ սթրեսը: Բացի այդ, այս խնդրի զարգացման հավանականությունը բարձրանում է զարկերակային ճնշման տատանումների պատճառով, իսկ դա կարող է պայմանավորված լինել որոշ դեղամիջոցների ընդունմամբ:
Գլխուղեղի կաթվածի կանխարգելման համար հարկավոր է պարբերաբար ստուգել արյան մեջ խոլեստերինի ու շաքարի մակարդակները, որոնցից էլ կախված է զարկերակային ճնշման կայունությունը:Մասնագետների խոսքով՝ հիվանդության կանխարգելման կարևորագույն նախապայմանը զարկերակային ճնշման կտրուկ բարձրացումից խուսափելն է, ուստի հարկավոր է մշտապես վերահսկողության տակ պահել այս ցուցանիշը: