Գլխավոր Մամուլ Նիկոլ Փաշինյանի այս այցն ամբողջությամբ ձախողված է, իսկ ելույթները ոչինչ չտվող էին....

Նիկոլ Փաշինյանի այս այցն ամբողջությամբ ձախողված է, իսկ ելույթները ոչինչ չտվող էին. Գառնիկ Իսագուլյանը` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում վարչապետի ելույթի մասին

141

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին Նիկոլ Փաշինյանի ելույթը ոչնչով չի տարբերվում իր տարբեր միտինգներում ունեցած ելույթներից: Այս մասին Tert.am-ի հետ զրույց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը` անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին:

«Նիկոլ Փաշինյանը ինչ-որ բաներ է ասում և փորձում է իր չստացված բարեփոխումների մեղքը գցել Հայաստանի հին կոռումպացված ուժերի վրա»,-ասաց Գառնիկ Իսագուլյանը և նշեց, որ հարիր չէ երկրի ղեկավարին գնալ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա և իրականությանը չհամապատասխանող բաներ հայտարարել:

Ինչ վերաբերում է Արցախի մասին վարչապետի արած հայտարարություններին, որ ԼՂ հիմնահարցի լուծումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդներին, Գառնիկ Իսագուլյանը նշեց. «Այս մարդը չի հասկանում, որ բարձրախոս տեսնել չի նշանակում ասել ցանկացած բան: Ես չգիտեմ՝ այդ ելույթից ՀՀ-ի համար որևէ դրական բան կար, թե ոչ: Բոլորը հասկանում են, որ այդպիսի լուծում չկա, որ բավարարի բոլոր կողմերին»,-ասաց նա:

Գառնիկ Իսագուլյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը սխալ է եղել, երբ նշել է, որ Արցախը անկախացել է Խորհրդային Միությունից նույն  կերպ, ինչպես Ադրբեջանը: «Այդպես չէ, իրականությունը խեղաթյուրելու, չիմանալու հետևանք է դա ասելը: Դրանք տարբեր գործընթացներ են եղել, իրար հետ կապ չունեն և ոչ մի նմանություն չունեն: Նիկոլ Փաշինյանը շատ բաներում է միակը, ապօրինություններում էլ է միակը, Հայաստանը վարկաբեկելու մեջ էլ է միակը, ռեպրեսիաների մեջ էլ է միակը»,-ասաց նա:

Ընդհանուր առմամբ, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանի այս այցն ամբողջությամբ ձախողված է, իսկ ելույթները ոչինչ չտվող էին: «Եթե մարդիկ մեծ ծախսեր են անում, ՄԱԿ-ի գրասենյակ են գնում և այնտեղ ելույթ են ունենում, և դա ոչ մի դրական բան չի տալու, ապա բացասականը ակնհայտ է` այն բոլոր ծախսերը, որը արել է պատվիրակությունը ամբողջ կազմով»,-ասաց նա:

Գառնիկ Իսագուլյանն անդրադարձավ նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, ըստ որի Հայաստանը հստակ պատերազմի մեջ է Ադրբեջանի հետ, և դրա համար Նիկոլ Փաշինյանը գերագույն գլխավոր հրամանատար է: «Ես կարծում եմ, որ այս հայտարարությունը շատ արագ կա՛մ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կա՛մ երկրի նախագահը պետք է հերքեն, այլապես դա հիմք է տալիս Ադրբեջանին հենց հիմա սկսել պատերազմական գործողություներ և ասել, որ դրանք սկսել է Հայաստանը: Հետևանքները կարող են լինել ծանր: Թեև Արմեն Գրիգորյանը անմեղսունակ է, բայց իր անմեղսունակությունը թույլ չի տալիս Հայաստանը դնել վտանգի տակ»,-ասաց նա: