Սեպտեմբերի 29-ին, ժամը 19:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տեղեկության կա 15 տուժած և 1 զոհ: Տուժածները հոսպիտալացվել են Թալինի, Արմավիրի, Բաղրամյանի ԲԿ-ներ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:30-ի սահմաններում ՊԱԶ մակնիշի ավտոբուսը, Արմավիր – Արտենի ավտոճանապարհի Արտենի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում բախվել է ԿԱՄԱԶ մակնիշի բեռնատարին կցված թնդանոթին:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վթարի հետևանքով, նախնական տվյալներով, տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել 13 տուժած քաղաքացիներ։ Վիրավորներից 6-ը տեղափոխվել են Արմավիրի, իսկ 7-ը Թալինի բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկը այնտեղից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն՝ մասնագիտացված նյարդավիրաբուժական բաժանմունք, լրացուցիչ հետազոտվելու և նեղ մասնագիտական բուժօգնություն ստանալու համար։
Բոլոր տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: