ՀՀ վարչապետի ամերիկյան այցը, ըստ Զարուհի Փոստանջյանի, որակական առումով որևիցե փոփոխություն չի հարուցել մեր հանրային-քաղաքական կյանքում: Նա համոզված է, որ այն սովորական այց էր՝ առանց ձեռքբերումների, այն էլ հասարակության՝ հարկատուների հաշվին.
«Հսկայական գումար է ծախսվել, մինչդեռ կարելի էր շատ փոքրիկ գումարով գնալ, եթե անհրաժեշտություն կար նման այցի: Մենք չունենք ոչ մի ձեռքբերում այցից, որովհետև, ըստ էության, պաշտոնական հանդիպումներ ԱՄՆ-ում տեղի չեն ունեցել:
Հայ համայնքը, իհարկե, ունի կարոտ Հայաստանի նկատմամբ և, իհարկե, կընդուներ ցանկացածի. այդպես ընդունել են նաև Սերժ Սարգսյանին (էնպես չի, որ մեծ տարբերություն կա): Եթե Սերժ Սարգսյանը ցանկանար, որպեսզի հանրահավաքային լիներ հանդիպումը, ապա իր համար նույնպես մեր հյուպատոսությունը նման հավաք կկազմակերպեր»:
Ըստ նրա՝ այցի երևելիությունը կարելի էր գնահատել շոշափելի արդյունքներով. «Դրանք պետք է լինեն փաստաթղթերի տեսքով, պաշտոնական այնպիսի հանդիպումների տեսքով, որտեղ հնչում են հստակ քաղաքական ուղերձներ, որոնք սպասարկվում են նաև նյութապես, ինչի ականատեսը չեղանք»: