Գլխավոր Նորություններ «Փաշինյանին ուղղված Լավրովի քննադատությունը Պուտինի հանձնարարականով էր». Տարասով

«Փաշինյանին ուղղված Լավրովի քննադատությունը Պուտինի հանձնարարականով էր». Տարասով

19

«168 Ժամի» զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:

– Պարոն Տարասով, հոկտեմբերի 3-ին ռուսական հեղինակավոր «Վալդայ» ակումբի նիստի ելույթներում մի շարք ուշագրավ հայտարարություններ հնչեցին: Անդրադառնանք նախ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի քննադատությանը՝  ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 5-ի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» պնդմանը: Լավրովը նշեց, որ կողմերը հայտարարություններ են անում, որոնք չեն նպաստում քաղաքական գործընթացը վերսկսելու համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը: Սա այս թեմայով ռուսական կողմի երկրորդ քննադատությունն էր: Սովորաբար համանախագահ երկրները խուսափում են անդրադառնալ հակամարտող երկրների արած առանձին հայտարարություններին՝ փորձելով պահպանել հավասարակշռությունը, չնպաստելով կողմերի միջև լարվածության աճին: Ինչո՞վ է պայմանավորված ռուսական կողմի դիրքորոշման փոփոխությունը, ինչո՞ւ է Լավրովը քննադատում հայկական կողմին:

– Այո, եղել է երկու անդրադարձ այդ հայտարարությանը: Առաջինը Զախարովան էր, ով ակնարկել էր, թե ինչի մասին է խոսքը, սակայն կոնկրետ կոչն ուղղել էր երկու կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին: Իսկ ներկայումս Լավրովն ավելի հստակ ասաց: Ինչո՞ւ է սա արվում. Մոսկվան ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է՝ մնացած երկրների հետ միասին, և Մոսկվան բանակցություններ է վարում, իսկ Փաշինյանի այդ ակցիան համաձայնեցված չէր համանախագահ ոչ մի երկրի հետ: Այդ հայտարարությունն օբյեկտիվորեն փոխում է բանակցային օրակարգը՝ տապալելով բանակցությունները: Փաշինյանը հրապարակային նման հայտարարություն է անում, ապա Մնացականյանին ուղարկում Մամեդյարովի հետ բանակցությունների: Սա երկակի ստանդարտի ցուցիչ է:

Գուցե դրանք Հայաստանում ընդունելի են, բայց այնպիսի գերտերություններ, ինչպիսին Ռուսաստանն է, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, նկատում են խնդիրները, և այս երկրների հետ այսպես չի կարելի անել: Եթե արվում է հայտարարություն, որ՝ «Արցախը Հայաստան է», ապա պետք է համապատասխան ընթացակարգերով դրա իրականացումը սկսվի, ԱԺ-ում պետք է սկսվի նման գործընթաց և ասվի, որ դա է հայկական կողմի բանակցելու գլխավոր պայմանը՝ դո՞ւր է գալիս դա Մոսկվային, Ֆրանսիային, ԱՄՆ-ին, կարևոր չէ, քանի որ դա հայկական կողմի հստակ օրակարգն է, դիրքորոշումը: Բայց այս դեպքում այդպես չարվեց, չէ՞: Նա ասաց այդ բառերը, գցեց այդ կարգախոսն ու հեռացավ, ինչը նյարդայնացնում է միջնորդներին, դա չափազանց անլուրջ է, դա պոպուլիզմ է:

Սակայն, ես կարծում եմ նաև, որ Լավրովն այդ հայտարարությունն արեց Պուտինի հանձնարարականով, որը տեղի ունեցավ Պուտինի Երևան կատարած աշխատանքային այցից հետո: Իսկ թե ինչ է տեղի ունեցել Երևանում, երևի թե Ձեզ ավելի շատ է հայտնի: Չէ՞ որ Երևանում Պուտինը հանդիպել է Բելլա Քոչարյանի հետ, որից հետո տեղի էր ունեցել Փաշինյանի հետ հանդիպում: Ավելի անկեղծ համաշխարհային քաղաքականության ազդանշաններ, որոնք Մոսկվան է անում, չկան, որ պետք չէ զբաղվել նախկին նախագահների հետապնդմամբ, պետք է զբաղվել երկրի խնդիրներով, ծրագրեր մշակելով, զարգացնելով երկիրը, դեպի անցյալ քարշ չտալով երկիրը: Այն բանից, որ Քոչարյանը կնստի՞, թե՞ ոչ, Սարգսյանի հետ հարցերը կլուծվե՞ն, թե՞ ոչ, հայերը չեն շահելու, ըստ իս: Մենք տեսնում ենք, որ ընթանում են բացասական գործընթացներ այնպես, ինչպես, ցավոք սրտի, Ուկրաինայում:

– Շարունակելով Լավրովի քննադատության թեման, տարօրինակ չէ՞, որ Ռուսաստանը նման հայտարարությանը, որն ուղղված էր համահայկականությանը և ուղղված չէր ՀՀ բանակցային օրակարգի վերանայմանը, ինչը ՀՀ ԱԳՆ-ն անմիջապես հստակեցրել էր, քննադատում է, իսկ ադրբեջանական կողմի բազում հայտարարություններին, այդ թվում՝ նախագահի մակարդակով ռազմատենչ հռետորաբանությանը՝ Երևանը, Սևանը գրավելու մասին, վերջերս Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի արած պատերազմական հայտարարությանը, չի անդրադառնում այս մակարդակով և բառապաշարով: Եվս մեկ հայտարարություն էլ Ալիևն արեց «Վալդայ» ակումբում, իբրև թե պատասխանելով Փաշինյանին՝ ասելով, թե «Արցախը Ադրբեջան է, և բացականչական նշան»: Սա երկակի ստանդարտ չէ՞:

– Շատ լավ հարց է: «Վալդայ» ակումբը բավականին լայն ներկայացվածության և սփռման ակումբ է, այնտեղ քննարկվում են ոչ միայն երկկողմ հարաբերություններ, այնտեղ ներկայացվում են գլոբալ տեսլականներ: Բոլոր նախագահները, բացի Ալիևից, ցույց տվեցին, որ տիրապետում են գլոբալ թեմատիկային, Ալիևը կենտրոնացավ միայն ռուս-ադրբեջանական հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության վրա՝ կրկնելով բոլորիս հայտնի թեզերն այն իմաստով, որ դա ադրբեջանական հող է:

Ի դեպ, նշեմ, որ դրանով նա գնաց, փաստորեն, սադրանքի: Ես կարծում եմ, մեր ԱԳՆ-ն դա տեղում ֆիքսել է, և արձագանքը չի ուշանա մեր ԱԳՆ-ի կողմից: Այսինքն՝ հավասարակշռությունը կպահպանվի: Չեմ կարող ասել՝ դա կլինի Լավրովի կողմից, թե պարզապես ԱԳՆ-ի, բայց կլինի: Ես կարծում եմ, որ ՌԴ ԱԳՆ-ն որոշակիորեն դրան կանդրադառնա, գուցե ոչ այն ձևով, ինչ հայկական հայտարարությանը, բայց արձագանք կլինի, ենթադրում եմ: Այն, որ Երևանն ադրբեջանական հող է, կատարյալ հիմարություն էր, և դա բոլորը գիտեն:

– Դուք Ձեր առաջին պատասխանում նշեցիք Պուտին-Քոչարյան հանդիպման, Պուտինի՝ Լավրովին տրված հրահանգի մասին: Այսինքն՝ Լավրովի այս հայտարարության պատճառները պետք է փնտրել նաև երկկողմ տարաձայնությունների հարթությունում, որոնք պայմանավորված են ՀՀ ներքին զարգացումներով: Այսինքն՝ եթե Քոչարյանի գործի շուրջ Երևանի և Մոսկվայի դիրքորոշումները տարբեր են, կարող է հնչել քննադատություն մեկ ա՞յլ ուղղությամբ:

– Իհարկե, Երևանն ու Մոսկվան միմյանց չեն հասկանում: Սուբյեկտիվ բաղադրիչ էլ կա այս ամենում. Պուտինի և Քոչարյանի անձնական հարաբերությունները, դա այլ հարց է: Բայց եղել են նաև պետական լավ հարաբերություններ, քանի որ, եթե դիտարկենք Պուտինի ծննդյան շնորհավորանքները՝ ուղղված Քոչարյանին, կտեսնենք, որ գնահատվում է Քոչարյանի մեծ ներդրումը հայ-ռուսական հարաբերություններում: ՌԴ նախագահի կողմից նման ձևակերպումները հենց այնպես չեն գցվում օդ:

Պուտինը Քոչարյանին գնահատում է՝ որպես մարդ, ով նպաստել է հարաբերությունների ամրապնդմանը: Նա ակնարկում է Փաշինյանին, որ գնահատականը պայմանավորված է լինելու այն ներդրմամբ, որը Փաշինյանը կունենա հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Անկասկած է նաև, որ Ռուսաստանը չի աջակցում վրեժխնդրությանը: Կա մեկ այլ հանգամանք ևս՝ թե միտումնավոր է անում, թե այդպես է ստացվում, դժվար է ասել. Փաշինյանի շատ հայտարարություններ, քայլեր դիտարկվում են հակառուսական համատեքստում:

– Ինչպե՞ս կգնահատեք նոր իշխանության օրոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին աշխատանքային այցը Հայաստանի Հանրապետություն, նրա ունեցած հանդիպումները, արարողակարգային նրբությունները: Ինչպե՞ս այն անցավ: Հարաբերությունների ինչպիսի՞ մակարդակ ու խնդիրներ ի ցույց դրեց:

– Ընդհանուր առմամբ այցը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը հայկական կողմը կազմակերպել էր փայլուն կերպով: Հիանալի կազմակերպչական աշխատանք էր իրականացվել, որևէ հարց չկար, և դա ընդունեցին բոլորը: Կա սուբյեկտիվ հանգամանք, որ Պուտինը հետաձգեց տանտիրոջ հետ հանդիպումը մինչև օրվա վերջ, իսկ երկիր այցելած ղեկավարն առաջին հերթին հանդիպում է «տանտիրոջ» հետ, նա այդ հանդիպումը թողեց ամենավերջում, ապա հանդիպեց նաև Բելլա Քոչարյանի հետ՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, դա սիմվոլիկ ցուցիչ է:

Նա հստակորեն տարանջատեց անձնական և միջպետական հարաբերությունները, նա հասկացրեց, որ իր վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ չի անդրադառնում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վրա, աշխատանքն աշխատանք է մնում, կշարունակեն իրականացնել բոլոր ծրագրերը, ինչ վերաբերում է անձնական հարաբերություններին, ապա դա իրենց մոտ չի ստացվում: Այսինքն՝ կա միջպետական և անձնական հարթություն, վերջինս բացարձակ չի ստացվում, այնինչ Փաշինյանը կարող էր լինել մտերիմ գործընկեր Պուտինի համար՝ ունենալով անձնական դրական հարաբերություններ:

– Ըստ Ձեզ՝  ո՞րն էր Վլադիմիր Պուտին-Բելլա Քոչարյան հանդիպման նպատակը:

– Պուտինը համերաշխություն հայտնեց, Պուտինը չգնաց, չէ՞, քրեակատարողական հիմնարկ: Դա չափազանց կլիներ: Նա ընդունեց Բելլա Քոչարյանին: Քոչարյանի գործը մենք դիտարկում ենք՝ որպես Հայաստանի ներքին գործ, խնդրանքներ չեն լինի, բայց Հայաստանը մեզ համար ցավագին ու կարևոր գործընկեր է, հենց այդ պատճառով ենք մենք այդպես մոտ ընդունում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները: Հայաստանը մշտապես համարվել է բարդ, բայց նվիրված գործընկեր: Բայց Հայաստանի ներկայիս տատանումները Ռուսաստանին դուր չեն գալիս: