Գլխավոր Նորություններ 8 պատճառ, որոնցով կարող են պայմանավորված լինել կրծքի ցավերը

8 պատճառ, որոնցով կարող են պայմանավորված լինել կրծքի ցավերը

331

Կրծքի ցավերին բախվում է կանանց մեծ մասը: Սա բավական տարածված խնդիր է, որի դեպքում կանայք հաճախ խուճապի են մատնվում, քանի որ կարծում են, որ այն պայմանավորված է քաղցկեղով, սակայն մասնագետները նշում են, որ այս ցավերի պատճառները կարող են շատ տարբեր լինել, և որպես կանոն դրանք կապված չեն լինում քաղցկեղի հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կրծքի ցավերի ամենատարածված պատճառները:

Հորմոնալ տատանումներ

Սա կրծքի ցավերի ամենատարածված պատճառներից են: Նման ախտանշան կարող է ի հայտ գալ անգամ բնական տատանումների դեպքում, այդ թվում դաշտանի, հղիության կամ դաշտանադադարի ժամանակ:

Որոշակի դեղորայքի ընդունում

Ցավի պատճառ կարող են դառնալ նաև որոշ դեղամիջոցները: Սա շատ տարածված կողմնակի բարդություն է հորմոնալ դեղամիջոցների, հակադեպրեսանտների, հոգեմետ դեղերի և սրտի հիվանդությունների ժամանակ նշանակվող դեղերի ընդունման դեպքում:

Կրծքագեղձի կիստա

Կրծքագեղձի կիստաները բարորակ նորագոյացություններ են, որոնք իրականում հեղուկով լցված խոռոչ են: Մեծ չափերի դեպքում դրանք կարող են ճնշում գործադրել հարակից հյուսվածքների վրա՝ առաջացնելով ցավ, այրոց ու այլ տհաճ զգացողություններ: Բացի այդ, կիստաները կարող են ուցեկցվել նաև պնդացումներով, դաշտանային ցիկլի խանգարումներով ու թևատակերի ավշային հանգույցների մեծացումով:

Վիրահատություններ ու վնասվածքներ

Վիրահատական միջամտություններն ու վնասվածքները կարող են շարունակել տհաճ զգացողություններ առաջացնել անգամ տարիներ անց: Նման ախտանշաններն անվնաս են, սակայն դրանց առկայության դեպքում այնուամենայնիվ խորհուրդ է տրվում դիմել բժշկին:

Գոտևորող որքին

Այս հիվանդությունը պայմանավորված է Varicella Zoster վիրուսի ակտիվացմամբ, որն օրգանիզմում է մնում ջրծաղկից հետո: Այն հիմնականում «քնած» է լինում, սակայն տարիներ անց կարող է դրսևորվել գոտևորող որքինի տեսքով՝ առաջացնելով ցավ, քոր, ծակծկոց ու ցան:

Մկանային լարվածություն

Ֆիզիկական ակտիվությունն ու մկանային ծանրաբեռնվածությունը նույնպես կարող է դառնալ կրծքի ցավի պատճառ: Բանն այն է, որ նման դեպքերում հաճախ տուժում են կրծքագեղձերի հատվածի մկանները:

Մեծ կուրծք

Ցավը կարող է պայմանավորված լինել նաև մեծ կրծքով: Ընդ որում, սա ցավի ամենատարածված պատճառներից է, քանի որ կուրծքը բավական ծանր է և կարող է ծանրաբեռնել մեջքն ու ձգել ջլերն ու հյուսվածքները: Այս դեպքում ցավից ազատվելու միակ միջոցը ճիշտ կրծկալի ընտրությունն է:

Այլ օրգանների հիվանդություններ

Կրծքի ցավով կարող են դրսևորվել նաև այլ օրգանների հիվանդությունները, որոնք որևէ կապ չունեն կրծքագեղձերի ախտաբանությունների հետ: Առավել հաճախ ցավի պատճառ են դառնում օստեոխոնդրոզը, սրտի աշխատանքի խանգարումները, ինչպես նաև մարսողական տրակտի ու շնչառական համակարգի հիվանդությունները: Այս դեպքում ցավի պատճառը պարզելու համար հարկավոր է դիմել մասնագետին:

Սխալ ներքնազգեստը

Ցավի ամենատարածված պատճառներից է ներքնազգեստի սխալ ընտրությունը: Չափազանց մեծ կրծկալը չի ապահովում կրծքի ճիշտ դիրքը, իսկ չափազանց փոքրը սեղմում է և ճնշում գործադրում: Արդյունքում ի հայտ են գալիս բավական տհաճ զգացողություններ:

Ինչ անել կրծքի ցավերի դեպքում

Բժիշկների խոսքով՝ կրծքի ցավը ոչ միշտ է կապված լինում կրծքագեղձի քաղցկեղի հետ, ուստի խուճապի մատնվելու կարիք չկա, սակայն ամեն դեպքում այս ախտանշանը չի կարելի անուշադրության մատնել, քանի որ այն կարող է լուրջ հետևանքների հանգեցնել: Հարկ է հիշել, որ որոշ դեպքերում կրծքի ցավը շատ վտանգավոր է և հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել: Հարկավոր է դիմել բժշկին, եթե.

  • ցավն ի հայտ է գալիս պարբերաբար,
  • տհաճ զգացողությունները չեն մեղմվում ավելի քան մեկ շաբաթ,
  • ուղեկցվում են ինքնազգացողության վատացմամբ,
  • նկատվում են դաշտանային ցիկլի խանգարումներ,
  • առկա են վարակման ախտանշաններ ու պտուկներից արտադրություն:
  • Նյութի աղբյուրը՝ medikforum.ru