Գլխավոր Նորություններ ԲՀԿ-ն թող բարի լինի բացահայտել օֆշորում գրանցված «Ռոբերտո»–ի իրական սեփականատիրոջը, և ձեզ...

ԲՀԿ-ն թող բարի լինի բացահայտել օֆշորում գրանցված «Ռոբերտո»–ի իրական սեփականատիրոջը, և ձեզ համար ամեն ինչ պարզ կդառնա․ Հայկ Գևորգյան

164

ԱԺ ճեպազրույցների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն անդրադարձավ «Արարատցեմենտ» գործարանի 2002թ. օտարման գնին և պնդեց, որ ըստ Կառավարության որոշման՝ բաժնետոմսի գինը 200,000 դոլար է սահմանված։

Հայկ Գևորգյանը նշեց, որ դրանից ներքևում կա հաջորդ կետը, որտեղ սահմանված են պարտքի պարտավորությունների կատարման և մյուս դրույքները։

«Բայց որպեսզի հասկանանք՝ ինչի մասին է խոսքը, պետք է պարզենք՝ վճարում կատարվե՞լ է, թե չի կատարվել այդ ժամանակ։ Եվ երկրորդը՝ գործարանը վաճառվել է «Ռոբերտո» ընկերությանը, որի հետ իր կապը Գագիկ Ծառուկյանը չի հաստատում։ Ես կմեջբերեի կառավարության որոշման նաև մյուս կետերը, որոնցով էլեկտրաէներգիայի, ջրի բոլոր պարտքերը ներվում են գործարանին, երկրորդ՝ ես կհորդորեի իմ գործընկներին ներկայացնել նաև այն իրավիճակը, թե ինչ է եղել այդ գործարանի հետ մեկ տարվա ընթացքում, ինչպես է գազի պարտքը «ՀայՌուսգազարդին» 1 մլն-ից դարձել 7 մլն, ինչի շնորհիվ ուր է գնացել այդ ընթացքում գործարանում առկա 1, 5 մլն դոլարի ցեմենտը և այլն»,-ասաց նա։ 

Պատգամավորը նշեց, որ գործարանի կայքում գրված է, որ 2002 թ. այն անցել է «Մուլտի գրուպին», իրականում գրված է, որ վաճառվել է «Ռոբերտո» ընկերությանը, որը գրանցված է  Բելգիայում, սակայն հիմնադիրը օֆշորային ընկերություն է։ «Թող բարի լինեն բացահայտել այդ օֆշորում գրանցված ընկերության իրական սեփականատիրոջը, և ձեզ համար ամեն պարզ կդառնա»,-ասաց նա։ 

Դիտարկմանը, թե այսինքն՝ ինչպես Ծառուկյանը հայտարարել է, եթե հաստատի, ուրեմն գործարանը կնվիրի Գևորգյանին, պատգամավորը պատասխանեց․ «Թող ինքը որոշի,  սպասում եմ առաջարկների»։ 

Հիշեցնենք, որ Հայկ Գևորգյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, թե 17 տարի առաջ Գագիկ Ծառուկյանը «Արարատցեմենտ» գործարանը ձեռք է բերել 200 հազար դոլարով: Ծառուկյանն էլ պատգամավորին հակադարձել էր՝ նշելով, որ եթե կարողանա ապացուցել, որ այդ գնով է ձեռք բերել, գործարանը կնվիրի նրան