Գլխավոր Նորություններ Օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն խուսափել երակների վարիկոզ լայնացումից

Օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն խուսափել երակների վարիկոզ լայնացումից

41

Երակների վարիկոզ լայնացումը բավական տարածված խնդիր է, որը կարող է լուրջ բարդություններ առաջացնել: Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները հորդորում են նախապես միջոցներ ձեռնարկել, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի խորհուրդ, որոնց հետևելը կօգնի կանխել խնդրի առաջացումը:

Երակների վարիկոզ լայնացման զարգացման պատճառները կարող են տարբեր լինել: Դրանց թվում են ժառանգական նախատրամադրվածությունը, հարթաթաթությունը, հորմոնալ հակաբեղմնավորիչների ընդունումը, ծխախոտի գործածությունը, ավելորդ քաշն ու սխալ կենսակերպը, ինչպես նաև բարձր հասակն ու երկար ոտքերը, ինչի հետևանքով երակների վրա գործադրվող ճնշումը մեծանում է:

Հիվանդության զարգացումից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին խուսափել վերոնշյալ գործոններից, ինչպես նաև հետևել մասնագետների խորհուրդներին:

Ճիշտ նստել

Երկար ժամանակ նստած լինելու սովորությունը խիստ բացասաբար է անդրադառնում երակների առողջության վրա, սակայն խնդիրն այն է, որ շատերի աշխատանքային գրաֆիկը ենթադրում է նստակյաց կենսակերպ: Վիճակագրական տվյալներով՝ գրասենյակային նստած աշխատանք կատարողների 30%-ի մոտ ախտորոշվում է երակների վարիկոզ լայնացում, ուստի նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս յուրաքանչյուր 25-30 րոպեն մեկ կանգնել և մի քանի րոպե քայլել:

Բացի այդ, երակների վարիկոզ լայնացումից խուսափելու համար հարկավոր է չնստել ոտքը ոտքին գցած, քանի որ այս դիրքի հետևանքով անոթներն ու երակները սեղմվում են, ինչը բարձրացնում է հիվանդության զարգացման հավանականությունը:

Խուսափել ծանրությունից

Նստած ժամանակ ծնկներին ծանր իրեր դնելը կամ երեխային գրկելը նույնպես կարող է խիստ վնասակար լինել երակների համար, քանի որ այդ դեպքում անոթները գերծանրաբեռնված են լինում:

Ոտքերը բարձրացնել

Գրասենյակային աշխատանք ունեցող մարդկանց մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում ոտքերը մի փոքր բարձր պահել կամ ոտքերի տակ որևէ բան դնել: Բացի այդ, շատ օգտակար սովորություն կարող է լինել նաև տանը հանգստի ժամանակ ոտքերի տակ բարձ կամ որևէ այլ իր դնելը:

Շարժել ոտքերի մատները

Շատ օգտակար կարող է լինել նաև ոտքերի մատները շարժելու սովորությունը: Ընդ որում՝ ոտքերը ձգելու և մատները շարժելու սովորությունը հատկապես օգտակար է ինքնաթիռով ճանապարհորդությունների ժամանակ, երբ երակները հավելյալ ճնշման տակ են գտնվում:

Խուսափել շոգեբաղնիքից ու նախապատվությունը տալ կոնտրաստային ցնցուղին

Երակների վարիկոզ լայնացման նկատմամբ ժառանգական նախատրամադրվածության դեպքում բարձր ջերմաստիճանը կարող է վնասակար լինել, ուստի խորհուրդ է տրվում խուսափել լողափ կամ շոգեբաղնիք հաճախելու սովորությունից և նախապատվությունը տալ կոնտրաստային ցնցուղին, որը հարկավոր է սկսել տաք ջրով և ավարտել սառը ջրով: Սա կօգնի ամրապնդել երակների պատերն ու խուսափել հնարավոր խնդիրներից:

Հետևել սննդակարգին

Թույլ երակներ ունեցողների համար խիստ վնասակար են յուղոտ մսային արգանակները, ապխտած մթերքը, մարինադներն ու ալկոհոլը, ինչպես նաև սուրճի չարաշահումը: Միևնույն ժամանակ այս դեպքում շատ օգտակար կարող են լինել С, РР և Е վիտամիններով, պղնձով ու բիոֆլավոնոիդներով հարուստ մթերքը, ուստի հարկավոր է հարստացնել սննդակարգը լոբազգիներով, կանաչ սոխով, լյարդով, ձվի դեղնուցով, եգիպտացորենի ու ձիթապտղի յուղով, մասուրով, բուլղարական պղպեղով, սև հաղարջով, կաղամբով, ցիտրուսային մրգերով, հունական ընկույզով, բալով ու կեռասով, մուգ գույնի խաղողով ու ծովամթերքով:

Հաճախակի զբոսնել ու մերսել ոտքերը

Երակների վարիկոզ լայնացման կանխարգելման համար մասնագետները նաև խորհուրդ են տալիս շատ քայլել ու պարբերաբար մերսել սրունքները: Օրական առնվազն 40 րոպե քայլելն ու երեկոյան ոտքերը մերսելը կօգնի ամրապնդել մկանները, բարելավել արյան շրջանառությունն ու կանխել երակների վարիկոզ լայնացումը:

Կրել կոմպրեսիոն զուգագուլպաներ

Բացի վերոնշյալ խորհուրդներից, մասնագետները հաճախ նշանակում են հատուկ կոմպրեսիոն զուգագուլպաներ, որոնք կանխում են երակների վարիկոզ լայնացման զարգացումը: Նման գուլպաներն անփոխարինելի են հղիության ընթացքում, նստակյաց կենսակերպի դեպքում և երկարատև ուղևորությունների ժամանակ:

Նյութի աղբյուրը՝ www.medikforum.ru