Գլխավոր Նորություններ Գիտնականները կրծքագեղձի քաղցկեղի բուժման արդյունավետ միջոց են հայտնաբերել

Գիտնականները կրծքագեղձի քաղցկեղի բուժման արդյունավետ միջոց են հայտնաբերել

9

Ֆրենսիս Քրիքի ինստիտուտի և Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականները կաթնագեղձերի հյուսվածքներում հայտնաբերել են իմունային բջիջների խիստ հազվադեպ հանդիպող մի տեսակ, որը կարող է բուժել կրծքագեղձի քաղցկեղը: Մասնագետների հետազոտությունները ցույց են տվել, որ այս բջիջների մեծ քանակությունը բարձրացնում է բարեհաջող բուժման հավանականությունը կրծքագեղձի քաղցկեղի դեպքում:

Գիտնականները հայտնաբերել են գամմա-դելտա-T-բջիջների մի յուրահատուկ ենթատեսակ, որի առկայությունը կապված է կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղով հիվանդների մոտ հիվանդության ռեմիսիայի հետ: Այս հատուկ բջիջներն ի սկզբանե հայտնաբերվում էին աղիներում ու մաշկի հյուսվածքներում, սակայն այժմ հայտնի է դարձել, որ դրանք պարունակվում են նաև կրծքագեղձի հյուսվածքներում:

Բժիշկները տարեկան գրանցում են կրծքագեղձի քաղցկեղի մոտ 55 հազար դեպք, որոնց շուրջ 15 տոկոսը եռակի բացասական քաղցկեղի դեպքեր են: Քաղցկեղի այս ագրեսիվ տեսակի վրա հնարավոր չի ներգործել հորմոնալ բուժման միջոցով, իսկ քիմիաթերապիան միայն մի կարճ ժամանակով արգելակում է ուռուցքի աճը:

Ինչպես փոխանցում է MedicalXpress պորտալը, նոր հայտնագործությունը թույլ կտա ստեղծել բուժման նոր մեթոդներ, որոնք կմեծացնեն բարեհաջող բուժման հավանականությունը: Մասնագետները պնդում են, որ կարելի է արհեստական ճանապարհով ակտիվացնել վտանգավոր հիվանդության դեմ պայքարի համար անհրաժեշտ բջիջների ձևավորման գործընթացը, ինչպես նաև փոխպատվաստել դրանք հիվանդին դոնորական հյուսվածքներից: