Գլխավոր Նորություններ Պուտինի և Կիմ Չեն Ընի պատվին ընդունելության ժամանակ հնչել է Արամ Խաչատրյանի...

Պուտինի և Կիմ Չեն Ընի պատվին ընդունելության ժամանակ հնչել է Արամ Խաչատրյանի «Սուսերով պար»-ը

313

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունների ավարտից հետո երկու պետությունների ղեկավարների ու պաշտոնական պատվիրակությունների անդամների պատվին կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ hնչել են դասական երաժշտական ստեղծագործություններ, այդ թվում՝ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից «Սուսերով պար»-ը:

Ինչպես նշում է ria.ru-ն, ընդունելության ժամանակ հնչել են նաև հյուսիսկորեական հայտնի երգեր, ինչպես նաև «Սև աչեր» («Очи черные») ռոմանսը, «Կարապի լիճ» բալետից «Փոքրիկ կարապների պար»-ը: Ընդհանուր առմամբ ներկայացվել է տասից ավելի համար:

Աղբյուրը հավելում է, որ ընդունելության ժամանակ Պուտինը երկու պետությունների միջև բարեկամության և համագործակցության կենացն է խմել:

«Առաջարկում եմ խմել Ռուսաստանի Դաշնության և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության միջև բարեկամական կապերի և համագործակցության հետագա ամրապնդման, մեր երկրների ժողովուրդների բարեկեցության, Կիմ Չեն Ընի և բոլոր ներկաների առողջության կենացը»,-ասել է Պուտինը՝ բարձրացնելով սպիտակ գինով լի բաժակը:

Նախագահն ընդգծել է, որ այսօրվա բանակցություններն անցել են կառուցողական, գործնական և բարեկամական մթնոլորտում:

CNN-ն իր հերթին գրում է, որ ընդունելության ժամանակ Պուտինին և Կիմ Չեն Ընին մատուցվել է ծովախեցգետնով աղցան, եղջերուի մսով պելմենի, բորշչ, սամիթի սոուսով ձողաձուկ, տապակած սմբուկով տավարի միս և աղանդեր:

Հիշեցնենք, որ սա երկու պետությունների ղեկավարների առաջին հանդիպումն էր: