Գլխավոր Նորություններ Թուրքիան միտումնավոր կրակ է բացել Սիրիայում ամերիկյան դիրքերի վրա. Washington Post

Թուրքիան միտումնավոր կրակ է բացել Սիրիայում ամերիկյան դիրքերի վրա. Washington Post

14

Սպիտակ տան միանգամից 4 ներկա և նախկին պաշտոնյաներ հայտարարել են, որ Թուրքիայի զինված ուժերը կրակ են բացել իրենց դիրքերի վրա Սիրիայում, չնայած նրանք դեռ ամիսներ առաջ գիտեին, որ այդտեղ տեղակայված են հենց ամերիկյան ուժերը: Այս մասին տեղեկացնում է The Washington Post թերթը: Ամերիկացի սպայի խոսքով`թուրքերը կրակ են բացել 155 մմ-անոց արկերով:

Ըստ թերթի՝ Անկարայի գործողությունները կարելի է պայմանավորել նրանով, որ թուրքերը ցանկանում են իրենց հսկողության տակ վերցնել ավելի շատ տարածքներ, քան կա ԱՄՆ-ի և Թուրքիայի պայմանավորվածության մեջ, ինչպես նաև հեռացնել ամերիկյան ուժերը Սիրիական Կոբանի քաղաքից:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտարարել են, որ իրենք կրակել են քրդական խմբավորումների ուղղությամբ և միանգամից դադարեցրել են կրակը, երբ ամերիկյան կողմը արձագանքել է, որ այդտեղ իրենց դիրքերն են տեղակայված:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը: