Գլխավոր Նորություններ Այսօր լրանում է Սամվել Ադյանի կալանավորման ժամկետը, ինչով պայմանավորված՝ նա ազատ կարձակվի

Այսօր լրանում է Սամվել Ադյանի կալանավորման ժամկետը, ինչով պայմանավորված՝ նա ազատ կարձակվի

128

ՀՀ դատախազությունն այսօր բողոքարկել է ՊՎԾ աշխատակից Սամվել Ադյանի կալանավորումը չերկարացնելու մասին դատարանի որոշումը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից։ Նրա խոսքով՝ բողոքն արդեն մուտքագրվել է Վերաքննիչ քրեական դատարան։

Նշենք, որ այսօր լրանում է Սամվել Ադյանի կալանավորման ժամկետը, ինչով պայմանավորված՝ նա ազատ կարձակվի։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում քննվող քրեական գործով կոռուպցիոն գործ է բացահայտվել, որն առնչվում է Պետական վերահսկողության ծառայությանը։

ԱԱԾ տարածած պաշտոնական հաղորդագրությանհամաձայն՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ս.Ադյանը, ունենալով պետության միջոցներով գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, նույն վարչության գլխավոր մասնագետ Գ. Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, առերևույթ անձնական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտների՝ ՀՀ առողջապահության նախարարության և մի շարք բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց կողմից հովանավորվող առևտրային կազմակերպության հաղթանակը:

Գործի շրջանակներում 2019 թվականի  27-ին հիշյալ պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նրանց կողմից հովանավորվող տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով։

Ապրիլի 18-ին հայտնի դարձավ, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրա պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է։

Հավելենք, որ ավելի ուշ ստորագրությամբ ազատ արձակվեցին ՊՎԾ հիշյալ աշխատակից Գ. Խաչատրյանը եւ նշված քրեական գործով կալանավորված «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը։