Գլխավոր Նորություններ Ռոբերտ Քոչարյանի մոտ քաղցկեղ հայտնաբերվե՞լ է. հստակ պատասխան Սողոմոնյանից

Ռոբերտ Քոչարյանի մոտ քաղցկեղ հայտնաբերվե՞լ է. հստակ պատասխան Սողոմոնյանից

14

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վիճակը լավ է, նա գտնվում է վերականգնողական շրջանում, ավելի հստակ` վերականգնողական փուլ է անցնում, ինչի համար ևս 3-4 օր կպահանջվի։ Sputnik Արմենիային այս մասին ասաց նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ։

«Ինքնազգացողությունը լավ է, ամեն ինչ պլանավորածի պես է ընթանում, որևէ չարորակ գոյացություն չի հայտնաբերվել, լավ է զգում, տրամադրությունը լավ է», – նշեց Սողոմոնյանը։

Ավելի վաղ ԶԼՄ–ներում և սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ Երևանի «Իզմիրլյան» ԲԿ–ն ստացել է Ռոբերտ Քոչարյանի հյուսվածաբանական հետազոտությունների պատասխանները, և Քոչարյանի մոտ քաղցկեղային բջիջներ, չարորակացման միտումներ չեն հայտնաբերվել։

ԲԿ–ի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը ԶԼՄ–ներին հայտնել է, որ «ամեն ինչ բարորակ է, Ռոբերտ Քոչարյանը գտնվում է վերականգնողական փուլում, կազդուրվում է, դրական դինամիկա է նկատվում»։ Սակայն, Չարչյանի խոսքով, «առաջիկա 2-3 օրվա ընթացքում նա հաստատ այստեղ կմնա, քանի որ դժվարությամբ է վերականգնվում»։

Հիշեցնենք, որ կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանին հոկտեմբերի 8-ին տեղափոխել էին «Իզմիրլյան» ԲԿ, նա երեք անգամ բուժզննում է անցել։ Սողոմոնյանն ավելի վաղ հայտնել էր, որ երկրորդ նախագահը լուրջ խնդիրներ չունի, Քոչարյանի առողջական վիճակի որոշ ժամանակ անց ամբողջությամբ կվերականգնվի։ «Ոչ բարդ վիրահատություն է եղել, այն նորմալ է անցել», – ավելի ուշ ասել էր Սողոմոնյանը` չբացելով փակագծերը։

«Իզմիրլյան» ԲԿ–ն նույնպես չի հայտնում, թե ինչ վիրահատություն են արել։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

armeniasputnik.am