Գլխավոր Նորություններ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ-պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով դատավճիռը դատախազը չի բողոքարկի

Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ-պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով դատավճիռը դատախազը չի բողոքարկի

300

ՀՀ դատախազությունը չի բողոքարկի Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, ԱԺ ներկայիս պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով դատավճիռը։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

Ինչպես հաղորդել ենք, մարտի 5-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, դատապարտել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման եւ համաներմամբ ազատ արձակել պատիժը կրելուց։

Նշենք նաեւ, որ Բաբայանի պաշտպան Արմեն Մելքոնյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք դատավճիռը դեռեւս չեն ստացել։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնապահ, ներկայումս պատգամավոր Էդուարդ Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել  2018 թվականի հուլիսի 2-ին ԲՀԿ առաջնորդ, ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած միջադեպի գործով. վիճաբանության ժամանակ, ըստ մեղադրանքի, Բաբայանը բռնություն է գործադրել աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հոր՝ Վյաչեսլավ Հարությունովի նկատմամբ՝ պատճառելով ծանր մարմնական վնաս։  

Քրեական գործով դատավարությունն սկսվել էր մարտի 21-ին, եւ դատարանը որոշել էր դռնփակ իրականացնել ապացույցների՝ տեսաձայնագրությունների հետազոտման փուլը, որը պետք է շարունակվեր նաեւ ապրիլի 5-ին։ Սակայն այդ օրը դատարանը ավարտել էր ընդհանրապես ապացույցների հետազոտումը, այդ թվում՝ ամբաստանյալի հարցաքննությունը։ Այնուհետեւ մեղադրող եւ պաշտպանող կողմերը հանդես էին եկել ճառերով, ինչից հետո դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ, ապա՝ հրապարակել դատավճիռը։