Գլխավոր Նորություններ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմ վերադառնալու որևէ հեռանկար չեմ տեսնում. Զատուլինը պատասխանել է...

Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմ վերադառնալու որևէ հեռանկար չեմ տեսնում. Զատուլինը պատասխանել է ադրբեջանական բողոքին

13

Օրերս Ստեփանակերտում կայացել է «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղություն» կամ «Արցախի բարեկամներ» խորագրով միջազգային համաժողովը, որին մասնակցել են 150 հյուրեր աշխարհի 30 երկրից: Համաժողովի աշխատանքներին մասնակցել է նաև ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի փոխղեկավար Կոնստանտին Զատուլինը: Ռուս պատգամավորը РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում նշել է, որ չէր կարող չընդունել Ստեփանակերտ գալու հրավերը, քանի որ իրեն դասում է Արցախի բարեկամների շարքը, ուր առաջին անգամ այցելել է դեռևս 25 տարի առաջ:

«Ես իմ ելույթում ուշադրություն եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ թեև Ռուսաստանում 2 մլն հայ է բնակվում, որը մեր հասարակության ազդեցիկ և հարգարժան մասն է, Արցախի բարեկամների շրջանում Ռուսաստանից միայն հայեր չեն ընդգրկված: Ռուսաստանում կան մարդիկ, որոնք որոշակի համակրանք են տածում Լեռնային Ղարաբաղի, նրա ժողովրդի հանդեպ, քանի որ երկար տարիներ մարդիկ այնտեղ պայքարել են իրենց ինքնորոշման համար, և դա սկսվել է Խորհրդային Միության փլուզումից շատ առաջ»,- շեշտել է պատգամավորը: Զատուլինի խոսքով՝ Ստեփանակերտի ամբիոնից որևէ «արյունարբու» հայտարարություն Բաքվի հասցեին չեն արվել, այնուամենայնիվ նրա ելույթն ու ներկայությունը Ստեփանակերտում դժգոհություն են հարուցել Ադրբեջանում:

«Ես միայն ասել եմ, որ վստահ եմ, որ խիղճն ու արդարությունը ժողովրդի՝ հանուն ինքնորոշման պայքարի կողմից են, Լեռնային Ղարաբաղի կողմից են: Ես Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմ վերադառնալու որևէ հեռանկար չեմ տեսնում: Դրա համար պետք է կոտորել Արցախի ողջ բնակչությունը, բայց աշխարհում ոչ ոք թույլ չի տա, որ նման բան պատահի: Ոչ ոք թույլ չի տա, որ կրկին Հայոց ցեղասպանության պես մի բան տեղի ունենա, ինչպես Օսմանյան կայսրությունում 20-րդ դարում»,- հավելել է Զատուլինը:

Նա նշել է, որ 2010 թվականից Ադրբեջանն իր դեմ կիրառել է բոլոր հնարավոր պատժամիջոցները, այդ թվում՝ արգելել է մուտքը երկիր՝ Լեռնային Ղարաբաղի ընտրություններում դիտորդի կարգավիճակով ներկա լինելու համար:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա էր հանձնել ԱԳՆ՝ կապված Զատուլինի՝ Արցախ կատարած այցի հետ: