Գլխավոր Նորություններ Վաչագան Ղազարյանին առաջադրված մեղադրանքը կփոխվի՞. դատախազությունը չի շտապում արձագանքել ՍԴ որոշմանը

Վաչագան Ղազարյանին առաջադրված մեղադրանքը կփոխվի՞. դատախազությունը չի շտապում արձագանքել ՍԴ որոշմանը

178

Սահմանադրական դատարանի՝ ապրիլի 16-ի որոշումից հետո կվերանայվեն արդյոք Վաչագան Ղազարյանին առաջադրված մեղադրանքները թե ոչ, դեռեւս պարզ չէ։ «Փաստինֆո»-ի ճշտող հարցին ի պատասխան՝ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ դատախազությունն այժմ ծանոթանում է ՍԴ-ի հիշյալ որոշմանը։

Նշենք, որ Սահմանադրական դատարանը  Վաչագան Ղազարյանի դիմումի քննության արդյունքում որոշել էր, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի՝ Վաչագան Ղազարյանի կողմից վիճարկվող 314.3 հոդվածով և 310.1-րդ հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանը, սակայն կոնկրետ մեկնաբանության եւ կոնկրետ հանգամանքների առկայության պարագայում. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով վիճարկվող դրույթները դիմողի նկատմամբ կիրառվել են այլ՝ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով»,- նշել էր ՍԴ-ն։

Վ.Ղազարյանի փաստաբան Մհեր Հակոբյանն էլ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել էր, որ Վաչագան Ղազարյանի դիմումի քննության արդյունքում կայացված որոշումը հիմք ընդունելով՝ Ղազարյանի պաշտպանական կողմը ի հայտ եկած նոր հանգամանքով պայմանավորված առաջիկայում դիմում կներկայացնի վերջնական դատական ակտի վերանայման համար։

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը մեղադրվում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափը թաքցնելու, ինչպես նաեւ ապօրինի հարստանալու մեջ։

Ղազարյանը  դիմել էր ՍԴ` ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասի և 314.3-րդ հոդվածի կիրառումն իր նկատմամբ  Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու նպատակով։

Նա կարծում է, որ ինքը հանցագործության սուբյեկտ չէ, հետևաբար՝ հանցակազմը բացակայում է, ինչն էլ բացառում է արարքի հանցավորությունն ու պատժելիությունը։

 Դիմումատուն նշել էր, որ նշված հանցակազմերի սուբյեկտների կազմը պետք է որոշվի բացառապես 2011թ. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով: Իսկ ինքը չի հանդիսանում հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ 2011թ. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «հատուկ ծառայությունների բարձրագույն եւ գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք» դրույթի շրջանակներում, իսկ 2018 թվականի ապրիլի 9-ից սկսած ՀՀ Պետական պահպանության ծառայության առաջին տեղակալը դադարել է լինել հայտարարագիր ներկայացնել ու պարտականություն ունեցող անձ:

Ըստ Ղազարյանի դիմումի՝ իրեն մեղսագրվող արարքների մասնակի ապաքրեականացման արդյունքում ինքը 2018 թվականի ապրիլի 9-ից դադարել է լինել հանցակազմերի սուբյեկտ, ինչը հանցագործության հանցակազմի չորս տարրերից մեկն է, և վերջիններից թեկուզ մեկի բացակայությունը վկայում է հանցակազմի բացակայության մասին։ Իսկ հանցակազմի ապաքրեականացումն ունի հետադարձ ուժ։ Հետևաբար, իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը խախտում է Սահմանադրության 72-րդ հոդվածի երրորդ նախադասությամբ սահմանված դրույթը, այն է՝ արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ։