Գլխավոր Նորություններ Փհենյանն ապավինում է Մոսկվայի օգնությանը

Փհենյանն ապավինում է Մոսկվայի օգնությանը

116

《Ամերիկայի ձայն》. Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են ավելի սերտ կապեր հաստատելու հարցը հինգշաբթի օրը մեկնարկած իրենց առաջին գագաթաժողովում Ռուսաստանի հեռավորարեւելյան Վլադիվոստոկ քաղաքում:

Կիմը, ով փորձում է ստանալ տնտեսական օգնություն ԱՄՆ-ի հետ փակուղային միջուկային բանակցություններից հետո, հայտարարել է, որ հույս ունի ամրապնդել Մոսկվայի հետ հարաբերությունները եւ ակնկալում է արդյունավետ երկխոսություն Պուտինի հետ։

«Ինչպես նշեցի, ես հուսով եմ, որ մեր հանդիպումը օգտակար կլինի ԿԺԴՀ-ի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար, որոնք ունեն խորը արմատներ: Այժմ Կորեական թերակղզում իրավիճակը մեծ հետաքրքրություն է առաջացնում համաշխարհային հանրության շրջանում եւ հուսով եմ, որ մեր բանակցությունները կարեւոր կլինեն իրավիճակի գնահատման, կարծիքների փոխանակման առումով: Այս հարցերին միասին կանդրադառնանք:

Պուտինը հայտարարել է, որ աջակցում է Վաշինգտոնի հետ Հյուսիսային Կորեայի հարաբերությունների բարելավմանը եւ հուսով է, որ Հյուսիսային Կորեայի հետ ավելի սերտ կապեր կհաստատվեն:

Հասկանալի չէ, թե հանդիպման արդյունքում կլինեն արդյոք համատեղ հայտարարություններ կամ ստորագրված համաձայնագրեր:

Կիմը տնտեսական օգնություն է ակնկալում Պուտինից, մասնավորապես միջազգային պատժամիջոցներից ազատվելու հարցում, որոնք պահպանվեցին փետրվարի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա անհաջող հանդիպումից հետո: