Գլխավոր Նորություններ Հաճելի չէ տեսնել, երբ 75-ամյա հայրիկիդ ու դուստրերիդ կանչում են հարցաքննության, բայց...

Հաճելի չէ տեսնել, երբ 75-ամյա հայրիկիդ ու դուստրերիդ կանչում են հարցաքննության, բայց սա էլ կանցի, և վստահ եմ, որ իմ հայրենիքին շատ ու շատ լավ օրեր են սպասվում. Հրայր Թովմասյան (տեսանյութ)

25

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, 168.TV-ի «Pressing» հաղորդման ժամանակ պատասխանելով իր հորն ու դուստրերին ԱԱԾ կանչելուն և հարցաքննելուն վերաբորղ հարցին, ասել է, որ հաճելի չէ տեսնել, երբ 75-ամյա հայրիկիդ ու դուստրերիդ կանչում են հարցաքննության ու ինչ-որ հարցեր են տալիս:
«Անշուշտ, հաճելի չէ 75 տարեկան հայրիկիդ, որը վերջին երկու տարվա ընթացքում չորս վիրահատության է ենթարկվել՝ բարդ վիրահատությունների, ունի ծանր հիվանդություն, տեսնել, որ իրեն ինչ-որ հարցեր են տալիս, և չգիտի էլ ինչ պատասխանել, թեպետ ոստիկանության 29 տարվա ստաժ ունի և փոխգնդապետ է: Բնականաբար, մեղավորության զգացում ունեմ, թե՝ լավ դու ինչ ես արել որ, ծնողներդ քեզ այսպե՞ս են դաստիարակել, որ այսօր, երբ 50-ին մոտ մարդ ես, ծնողներդ քեզ համար պատասխան տան: Իհարկե, հաճելի չէ, երբ տեսնում ես քո դուստրերին, որոնց միանգամայն այլ կերպ ես դաստիրակել, որոնցից մեկը, իմիջայլոց, ընդամենը 10-15 օր առաջ է վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ գերազանցությամբ Բերկլի համալսարանն է ավարտել, պետք է գնա ինչ-որ հարցերի պատասխանի: Սա ցանկալի չէ, մեր տանն արդեն կատակում են, ասում են միայն մամային չեն կանչել ոչ մի տեղ, որովհետև մաման Իջևանից է, սա կատակ: Հուսով եմ, որ ծնողերս ու երեխաներս ողջամտությամբ կհասկանան և կընկալեն այս վիճակը, չեմ ուզում ասել, որ իրենցից ներողություն եմ խնդրում: Եվ սա էլ կանցի, այս բարդ օրերն էլ կանցնե, և վստահ եմ, որ իմ հայրենիքին շատ ու շատ լավ օրեր են սպասվում, այս ամենն անցողիկ է, ժամանակավոր է, շատ եմ կրնկել, ես իմ խղճի հետ պետք է խաղաղությամբ ապրեմ, ես իմ խղճի հետ գործարքի գնացողը չեմ»,- ասել է Թովմասյանը:

Հարցին, թե չի կարծում, որ իրավիճակը կմեղմվեր, եթե քննարկվեր Վահե Գրիգորյանի դիմումը կամ իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումն ընդունվեր վարույթ, Հրայր Թովմասյանն աասել է. «Դուք ուզում եք, որ ես անդրադառնամ ՍԴ որոշմանը, որին ես չեմ մասնակցել»:

Դիտարկմանը, թե անդրադառնում է, որովհետև իշխող խմբակցության ղեկավարն ասել էր՝ վարույթ չընդունելը վիրավարական է, Թովմասյանն ասել է. «Չէի ցանկանա հակադարձել, բայց վիրավորական չէ՞ր Սահմանադրական դատարանի դռները փակելը, թող օդում մնա այս հարցը: Ի՞նչ էր արել Սահմանադրական դատարանը, ինչի՞ց էիք բողոքում, երբ ՍԴ-ի դռներն էիք փակել: ՍԴ-ի համար, բոլոր դիմող սուբյեկտները՝ երկրի նախագահը, ԱԺ-ը, կառավարությունը, դատարանները, դրանք սովորական դիմողներ են, և եթե վարույթ չի ընդունվում, խնդրում եմ, սա երբեք չընդունել որպես անհարգալից վերաբերմունք որևէ ատյանի նկատմամբ»:

Հարցին, թե ինչո՞ւ ՍԴ շենքը չի շրջափակվում, երբ շրջափակվեց օրինակ ԱԺ-ի շենքը, Հրայր Թովմասյանն ասել է, որ իրեն հարցեր են տալիս, որոնց ինքը չի կարող պատասխանել, բայց այնպես չէ, որ դրանք լավ ճանապարհներ են.«Եթե կա իրավիճակ, որը խնդրահարույց է ու լուծում պետք է ստանա, դա պետք է լինի իրավական: Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակից, եթե կա նման իրավիճակ, դրա լուծումները իրավական պետք է լինեն»:

Լրագրողի հարցին, թե ՍԴ-ն ինչո՞ւ չի սկսում գործընթաց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի վերաբերյալ, այն դեպքում, երբ վերջինս օգտվում է պարգևավճարներից, բենզինից, ծառայողական մեքենայից, բարձր աշխատավարձ է ստանում, հիմա ինչո՞ւ ՍԴ-ն վարույթ չի ընդունում, Հրայր Թովմասյանն ասել է, որ չի ուզում խոսել իր գործընկերոջ մասին:

Դիտարկմանը, թե իսկ գործընկերը խոսել է, Հրայր Թովմասյանն ասել է. «Իր իրավունքն է: Յուրաքանչյուր ոք իր խոսքի համար պատասխանատու է, պետք է զգույշ լինել, խոսքերը հետ վերցնելու հնարավորություն չկա: Ես իմ փոխարեն կարող եմ ասել, թե ինչու չեմ նախաձեռնել, որովհետև այդ մարդը կարծում է, համոզված է, որ ինքը ճիշտ է: Եվ եթե կարծում է, որ ինքը ճիշտ է, և հաշվի առնելով իմ կարգավիճակը նման պրոցես նախաձեռնելու դեպքում, կարող է սուբյեկտիվ ու անձնավորված ընկալում լինի: Կարող է շատ իրավական չէ իմ ասածը, բայց այն մարդկային է և հուսով եմ, որ հեռուստադիտողները և դուք կհասկանաք, թե ինչով է պայմանավորված իմ այդ քայլը չանելը: Ես հույսս չեմ կտրել, որ Վահե Գրիգորյանը կմասնակցի բոլոր նիստերին, և մենք հնարավորություն կունենանք իր ներուժն օգտագործելով ավելի լավ որոշումներ ընդունել»:

Հարցին, թե իր կողմից, կամ նախագահի, կամ վարչապետի ու որևէ մեկի կողմից զրույց եղել է իր հետ, որ ասեն՝ խանգարում եք հեղափոխությանը, հրաժարական տվեք, Հրայր Թովմասյանն ասաց.«Հանրապետության նախագահի հետ զրույց չեմ ունեցել, այլ զրույց ձեր բարձրացրած հարցերի շուրջ, թույլ տվեք չպատասխանել»:

Հարցին, թե իր տարբեր ազգականներ հեռացվում են աշխատանքից, երեխաները ԱԱԾ են հրավիրվում, իր քրոջ դեմ քայլեր են արվում և ինքը շարունակում է պաշտոնավարել, ինչո՞ւ, Հրայր Թովմասյանը պատասխանել է, որ տեսակի հարց է.«Այսինքն, եթե դու նման պարագաներում շատ արագ պետք է հեռանաս, հանձնվես, ոչինչ չանես, դա ենթադրում է, որ ի սկզբանե սխալ է եղել իր նշանակումը»:

Ի պատասխան հարցի, թե անձեռնմխելի է, բայց եթե այնումանենայնիվ կալանավորեն իրեն, ինչը չի բացառվում, Թովմասյանն ասել է.«Ցանկանում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել, որ մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված ՍԴ դատավորները և եվրոպական ստանդարնտներով ու ՍԴ որոշումներով, Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով, դրա նախորդող ողջ ժամանակահատվածի համար ունենք ոչ միայն ֆունկցիոնալ, այլ ամբողջական անձեռնմխելիություն: Ինձ քրեական խատասխանատվության ենթարկել, քրեական հետապնդման ենթարկել, կալանավորել կարող են միայն ՍԴ-ի համաձայնությամբ: Եթե լինի քաղաքական որոշում, ՍԴ-ն պիտի մնա իր դերում և ցանկացած իրավական որոշում ինձ համար ընդունելի է»:

Անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքին՝ Թովմասյանը ձեռնպահ է մնացել պատասխանելուց՝ նշելով, որ գուցե դա հետագայում ՍԴ-ի քննարկման առարկա դառնա, հետևաբար չի կարող անդրադառնալ այս հարցին: