Գլխավոր Նորություններ Ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում հարսանքավորների կրակոցները շարունակություն չունեցան. Kia Sorento-ն ու BMW-ն...

Ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում հարսանքավորների կրակոցները շարունակություն չունեցան. Kia Sorento-ն ու BMW-ն տեղափոխվել են «պլաշչադկա», կան բերման ենթարկվածներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

158

SHAMSHYAN.com-ի տեղեկություննեորվ՝ երեկ՝ ապրիլի 25-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության առաջին բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը Երևան-Էջմիածին ավտոճանապարհին հարսանեկան ավտոշարասյան մասնակից՝ BMW մակնիշի 36 AT 484 համարանիշի և Kia Sorento մակնիշի 31 ՏM 003 համարանիշի ավտոմեքենաներից ընթացքի ժամանակ կրակոցներ են արձակվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Արտակ Կարապետյանի, վարչության պետի առաջին տեղակալ Տիգրան Կարապետյանի, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խմելյանի և ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Մայրաքաղաքային 5-րդ հասցեի մոտից ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել նշված ավտոմեքենաներն՝ իրենց ուղևորներով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են՝ BMW-ն վարել է Երևան քաղաքի Օհանովի փողոցի բնակիչ՝ 24-ամյա Դավիթ Մինասյանը, իսկ նրա ուղևորը եղել է Երևան քաղաքի Օհանովի փողոցի բնակիչ՝ 20-ամյա Խոսրով Աքիլյանը։ 

Պարզվել է նաև, որ Kia-ն վարել է Փարաքար գյուղի բնակիչ՝ 23-ամյա Էդգար Օհանյանը, իսկ նրա ուղևորներն են եղել Երևան քաղաքի Օհանովի փողոցի բնակիչ 23-ամյա Ռուդիկ Հովհաննիսյանը և Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ՝ 23-ամյա Զոհրաբ Հայրապետյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Օհանյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 հատ կաթուցիչ՝ մոխրացված զանգվածով և նրա անվամբ զենքի հաշվառման քարտ։ 

Արդեն ոստիկանությունում Է. Օհանյանը հայտնել է, որ կաթուցիչը պատկանում է իրեն, որով ինքն օգտագործել է մարիխուանա տեսակի թմրամիջոց, իսկ զենքը պատկանում է իրեն ու Kia-ի մեջ է։ 

Պարզվել է նաև, որ Երևան-Էջմիածին ճանապարհին մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ;

Նշված ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Փայլակ Շմավոնյանի կողմից ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Հարսանքավորները բաց են թողնվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի