Գլխավոր Տեսանյութեր Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից անցել է 20 տար

Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից անցել է 20 տար

8

1999 թվականի հոկտեմբերի 27-ին, ժամը 17:00-ի սահմաններում, երբ Ազգային ժողովում ընթանում էր կառավարության անդամների հետ հարցուպատասխանը, նիստերի դահլիճ ներխուժեցին զինված անձինք և կրակ բացեցին՝ թիրախ ընտրելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին և ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանին:

Զինված անձինք էին՝ Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը: Նրանց կրակոցներից սպանվեց 8 հոգի՝ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի փոխխոսնակներ Ռուբեն Միրոյանն ու Յուրի Բախշյանը, Օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը:

Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած գործողությունների ղեկավարը Նաիրի Հունանյանն էր, որը նախկինում «Հայ Յեղափոխական Դաշնակցության» անդամ է եղել, իսկ 1992 թվականին հեռացվել է կուսակցության շարքերից: Հետագայում Նաիրի Հունանյանը ցուցմունք տվեց և հայտարարեց, թե ինքը պետական մակարդակով ահաբեկչական ծրագրեր է ունեցել 1991 թվականին, բայց հանգամանքների բերումով չի կարողացել իրագործել:

Նշենք, որ «հոկտեմբերի 27-ի» գործով դատավճիռը հրապարակվել է 2003 թվականի դեկտեմբերի 2-ին: Կենտրոնի դատարանի վճռով՝ 6 անձ դատապարտվել է ցմահ, մեկ անձ՝ 14 տարվա ազատազրկման:

Վեց դատապարտյալները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա մորեղբայրը՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:

Ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի և Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը: Վռամ Գալստյանն, ըստ պաշտոնական վարկածի, 2004 թ. ապրիլի 27-ին ինքնասպան է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մենախցում:

Գործով 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը մահացել է 2010թ. մայիսին՝ սրտի կաթվածից:

Գործով մեղադրյալներից Նորայր Եղիազարյանը մահացել է նախքան դատավճռի հրապարակումը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի իր խցում էլեկտրահարվելու հետևանքով:

Էդուարդ Գրիգորյանը մահացել է 2017 թվականի նոյեմբերի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Ամբաստանյալները մեղավոր էին ճանաչվել ՔՕ-ի 300 (Պետական իշխանությունը յուրացնելը), 305 (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը), 34-305 (Իշխանությունը յուրացնելու փորձ), 217 (Ահաբեկչություն), 133 (Ազատությունից ապօրինի զրկելը), 235 (Ապօրինի զենք ձեռք բերելը, իրացնելը, կրելը) հոդվածներով:

Խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից 20 տարից անց Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամ ազատ արձակման խնդրանքով: Դիմումը քննարկման փուլում է: