Գլխավոր Նորություններ Դաժան ու սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում. ոստիկաններն ու քննիչները Նոր Արեշի տներից մեկի...

Դաժան ու սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում. ոստիկաններն ու քննիչները Նոր Արեշի տներից մեկի նկուղից՝ հողից, դուրս են բերել 14 տարի առաջ առանձնակի դաժանությամբ սպանված կնոջ ոսկորներն ու գանգը

8

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հետ, բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի, բաժնի պետի տեղակալ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ ապացուցեցին, որ չբացահայտվող հանցագործություններ, այդ թվում՝ առանձնակի դաժանությամբ, չկան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Էրեբունու բաժնում օրեր առաջ ստացված օպերատիվ տվյալներով ոստիկանները հսկայածավալ աշխատանքներ, այդ թվում՝ դարանակալումներ են իրականացրել, այնուհետև ոստիկաններին միացած Էրեբունու քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Գ. Մաթևոսյանի գլխավորությամբ, համոզված լինելով, որ ոստիկանների ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, այսօր կատարեցին նշված հանցագործության բացահայտման ամենակարևոր գործողությունը։

Քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության աշխատիկցները քննիչների և Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ Հարություն Խալաթյանի հետ այցելեցին Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 11 փողոցի 63 տուն, որտեղ, ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների, 2005 թվականի սեպտեմբեր ամսին տեղի է ունեցել առանձնակի դաժանությամբ սպանություն, և սպանության հետքերը կոծկելու նպատակով սպանությունը կատարողը դին թաղել է տան նկուղում՝ մոտ 1.5 մետր խորության մեջ։

Րոպեներ առաջ հատուկ մասնագետները, փորելով նշված վայրը, այնտեղից դուրս են բերել մարդկային ոսկորներ, գանգ, կոշիկ, քրքրված հագուստներ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը նույն հասցեի բնակիչ՝ 82-ամյա Նինա Յաղուտյանն էր, իսկ նշված սպանությունը կատարելու կասկածանքով Էրեբունու ոստիկանների կողմից բաժին է բերման ենթարկվել 46-ամյա Վարդան Սիմոնյանը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչև հողում թաղելը, նա իր զոհին խեղդամահ է արել, մինչ այդ էլ փորձել է հոսանքահարելու միջոցով սպանել, սակայն, տեսնելով, որ զոհը հոսանքից չի մահացել, խեղդել ու թաղել է տան նկուղում։

Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ կասկածյալ Վ. Սիմոնյանը ձերբակալվել է։

Հանցագործության վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, այդ թվում՝ դեպքի վայրի հարևանությամբ բնակվողները, հրաժարվելով խոսել տեսախցիկի առջև, ասում էին. «2005 թվականից մենք գիտեինք, թե Նինան Հայաստանից գնացել է։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ նրան սպանել են։ Հալալ ա ոստիկաններին ու քննիչներին, որ 14 տարի առաջ կատարված այս սահմռկեցուցիչ սպանությունը բացահայտել են։ Ոստիկաններն ու քննիչներն ապացուցեցին, որ չբացահայտվող հանցագործություններ չկան։ Բայց ավելի զարհուրելի է, որ սպանությունից հետո ապրել են մի տան մեջ, որի նկուղում թաքցրել են սպանության հետքերը։ Բան չունենք ասելու՝ հալալ ա իրավապահներին։ Սա այն դեպքն է, որ խոսքերն ավելորդ են»։

Առանձնակի դաժանությամբ սպանության կասկածանքով ձերբակալված 46-ամյա Վարդան Սիմոնյանն է

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: