Դերասանուհի Լուիզա Ներսիսյանին հեռուստատեսային տարբեր նախագծերի շրջանակում հազիվ թե հանդիպեք նույն զգեստով։ Եթե եթերի համար դերասանուհին կերպարներն ընտրում է նախապես, առօրյայում ճիշտ հակառակն է։ Tert.am Life-ի հետ զրույցում Լուիզան խոսել է նորաձևության հանդեպ իր վերաբերմունքի, հագուստ ընտրելու սկզբունքի և զգեստապահարանի մասին։




Նորաձևությանը կրնկակոխ հետևելուն դերասանուհին դեմ է, ինքն աշխատում է միտումներին ծանոթ լինել, բայց ընտրել միայն այն, ինչն իրեն հոգեհարազատ է, իր ոճին համապատասխան։
«Ես կողմ եմ, երբ գոյություն ունի հարմոնիա ներքինի և արտաքինի միջև։ Նորաձևությանը կուրորեն չեմ հետևում, միաժամանակ, դեմ եմ, երբ բոլորովին մերժում են նորաձևության տենդենցները։ Կան նաև ծայրահեղություններ` նորաձևությանը կրնկակոխ հետևողների հակառակ կողմը՝ մարդիկ, որոնք ասում են, թե հագնում են այն, ինչն իրենց հարմար է, ինչի մեջ իրենց լավ են զգում։ Կարծում եմ` սա նույնպես ճիշտ չէ»,- ասաց դերասանուհին` հավելելով, որ նորաձևությանը պետք է հետևել՝ հասկանալու այն սահմանը, որտեղ հնարավոր է համատեղել հարմարավետությունն ու նորաոճ լինելը։