Գլխավոր Նորություններ «Դուք ձեզ դատարանի տեղ եք դրել և որոշումներ եք կայացնում». Թուրքիայի նախագահի...

«Դուք ձեզ դատարանի տեղ եք դրել և որոշումներ եք կայացնում». Թուրքիայի նախագահի խոսնակը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը

5

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը նոյեմբերի 2-ին հանդիպել է Թուրքիա ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ և իր դժգոհությունն է հայտնել պալատի ընդունած 2 բանաձևերի առնչությամբ, որոնցից մեկը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, իսկ մյուսը պատժամիջոցներ է սահմանում Թուրքիայի նկատմամբ՝ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության և ռուսական զենիթահրթիռային համալիրներ գնելու համար: Այս մասին տեղեկացնում է diken.com կայքը:

Քալընը նշել է, որ տվյալ բանաձևերը չեն նպաստում երկու պետությունների հարաբերությունների զարգացմանը:

«1915 թվականի դեպքերը չեն կարող համարվել ցեղասպանություն, քանի որ այդ եզրույթը Ռաֆայել Լեմկինի կողմից ստեղծվել է ավելի ուշ՝ 1944 թվականին»,- նշել է մամուլի խոսնակը:

Քալընը նաև ժամանակավրեպ է համարել հարցի ասպարեզ բերելը, նշելով, որ այդ հարցը քննարկվում է հիմնականում ապրիլին, իսկ հիմա այն որոշել էին քննարկել Թուրքիայի անկախության օրը՝ հոկտեմբերի 29-ին:

«Դուք ձեզ դատարանի տեղ եք դրել և որոշումներ եք կայացնում»,- նշել է Քալընը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։