Գլխավոր Նորություններ Ինչո՞ւ Հայկ Մարությանն արձակուրդից չի վերադառնում

Ինչո՞ւ Հայկ Մարությանն արձակուրդից չի վերադառնում

10

Hraparak.am-ը գրում է.

Քիչ առաջ մեզ տեղեկություն փոխանցեցին, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրաժարական է տվել։ Լուրը փորձեցինք ճշտել քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից, նրան գրեցինք Ֆեյսբուքով՝ չպատասխանեց, զանգահարեցինք, պատասխան հաղորդագրություն ստացանք, որ ավելի ուշ կապ կհաստատի մեզ հետ։ Մեր հաղորդագրությանը չպատասխանեց նաեւ «Իմ Քայլի» ավագանու անդամ Հասմիկ Խաչունցը։

Ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկացանք, որ քաղաքապետ Հայկ Մարությանը այսօր պետք է արձակուրդից վերադառնար, սակայն չի վերադարձել, դիմել է արձակուրդը մինչեւ նոյեմբերի 8-ը երկարացնելու խնդրով։ Մենք տեղեկացանք նաեւ, որ քաղաքապետը մոտ 20 օր առաջ 10 օրով արձակուրդ գնալու մտադրություն է ունեցել, անգամ ձեւակերպել է արձակուրդը, ապա ինքն իր արձակուրդի հրամանը հետ է կանչել եւ այն վերցրել ավելի ուշ՝ 10 օր առաջ։ Քաղաքապետն արձակուրդն անցկացրել է կնոջ հետ՝ Եվրոպայում, մասնավորապես, Պրահայում, 10 օրը լրանում էր այսօր, բայց նա անհայտ պատճառներով չի վերադարձել։ Ի դեպ, դեռեւս չի ստորագրվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի դիմումը եւ ասում էին, որ այն կստորագրվի նոյեմբերի 4-ին։

Լուրն արդեն պատրաստ էր, երբ մեզ հետ կապ հաստատեց Հակոբ Կարապետյանը եւ քաղաքապետի հրաժարականի լուրերը բամբասանք համարեց․«Ես ձեզ շնորհավորում եմ, դուք այս տարի քաղաքապետի հրաժարականի մասին հետաքրքրվող հոբելյանական՝ 10-րդ լրագրողն եք»,-փորձեց հեգնել նա։ Ասաց, որ քաղաքապետը արձակուրդ է մեկնել հոկտեմբերի 21-ին, սակայն իրեն հայտնի չէ, որ նոյեմբերի 4-ին պետք է վերադառնար ու երկարաձգել է․«Վերադառնալու է այս շաբաթվա վերջին, եթե նույնիսկ երկարաձգել է, դա չի նշանակում, որ հրաժարական է տվել»: