Գլխավոր Նորություններ Գոնսալեսին՝ Զապի դիմա՞ց. ինչպես կհանգուցալուծվի թնջուկը

Գոնսալեսին՝ Զապի դիմա՞ց. ինչպես կհանգուցալուծվի թնջուկը

378

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային անվտանգության ծառայությունում տեղի ունեցած միջոցառումից հետո խոսել էր ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի արտահանձնման և ՌԴ-ից քաղաքական ապաստան խնդրելու թեմային։ Նա ասել է, որ իրավիճակի հետ պետք է հաշվի նստել և բերել էր օրինակ, օր այսօր առկա է նաև մեկ իրավիճակ, երբ այլ պետությունում ՀՀ քաղաքացի է մեղադրվում հանցագործության համար, բայց մեր օրենսդրությունը թույլ չի տալիս նրան արտահանձնել։ «Մենք գիտենք, որ այսօր բացահայտ հանցագործ մարդ կա Հայաստանում, որը օտարերկրյա պետության կողմից հետախուզվում է և ակնկալվում է, որ մենք պետք է հանձնենք։ Բայց այդ մարդուն մենք չենք կարողանում հանձնել միայն այն պատճառով, որ նա ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր։ Նա ակնհայտ հանցագործ է, բոլորն էլ գիտեն, որ նա հանցագործ է, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նա հանցագործ է, բայց մենք չենք կարողանում այդ հարցը լուծել։ Հիմա ինչ՝ Չեխիան մեզ մեղադրի, որ մենք իր անվտանգությանը սպառնալի՞ք ենք ստեղծում»,- ասել է Փաշինյանը։

Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանն անուններ չի հնչեցրել, սակայն նա ակնհայտորեն նկատի է ունեցել օրենքով գող Զապ մականվամբ հայտնի Անդրանիկ Սողոյանին։

Հիշեցնենք, որ հայ գործարարի սպանությունը պատվիրելու համար Անդրանիկ Սողոյանը Պրահայի քաղաքային դատարանի կողմից հեռակա կարգով դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, սակայն թե՛ ինքը և թե՛ իր հանցակիցները պատիժը չեն կրում ներկայումս, քանի որ գտնվում են արտերկրում, ավելի կոնկրետ՝ ներկայումս գտնվում է Հայաստանում և նրան հնարավոր չէ արտահանձնել, քանի որ նա հանդիսանում է ՀՀ քաղաքացի, և մեր օրենսդրությունն արգելելու է մեր քաղաքացուն արտահանձնելը։ Զապը՝ Սողոյանը ազատազրկման է դատապարտվել 2007 թ. գործարարի սպանությունը պատվիրելու համար, սակայն վարձու մարդասպան Տիմուր Տրետյակովը սխալմամբ սպանել է մեկ ուրիշի, քանի որ նա ենթադրյալ զոհի հետ նույն ավտոմեքենայից է վարել և ևս մեկին սխալմամբ դանակահարել է:

2015 թվականի հունվարին Զապը ձերբակալվել էր Հայաստանում, ապա կարճ ժամանակ անց ազատ արձակվեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետի՝ Ռուբիկ Ստեփանյանի որոշմամբ՝ կալանքի ժամկետը լրանալու և այն չերկարացնելու հիմքով: ՀՀ արդարադատության նախարարությունն ավելի վաղ միջնորդություն էր ներկայացրել Զապի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու մասին, որը, սակայն, մերժվել էր: Այս պահին «օրենքով գողը» փաստացի իրավական կարգավիճակ չունի Հայաստանում և գտնվում է ազատության մեջ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանել Իոաննիսյանի խոսքերով՝ Չեխիայում 22 տարվա ազատազրկման դատապարտված Սողոյանին քրեական պատասխանատվության կանչման համար կա երկու ճանապարհ՝ կամ Չեխիայի հետ սեփական քաղաքացուն արտահանձնման միջպետական պայմանագիր կնքել, կամ ստանալ գործի նյութերը և Հայաստանում քննել այդ գործը: «Առաջին սցենարը իրատեսական չի, երկրորդ սցենարին, որքան հասկանում եմ, դեմ է չեխական կողմը: Ըստ այդմ, հավանաբար, Զապը դեռևս երկար է մնալու Հայաստանում ու ազատության մեջ: «Հուսանք, որ Չեխիայում մեր Գոնսալեսի արտահանձնումը չեն պայմանավորի Զապի գործով»,- ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել Իոաննիսյանը։

Իրականում մեզ հասած տեղեկություններով՝ վերջին շրջաններում ներքին քննարկումներ են գնացել Զապին Գոնսալեսով ( Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյան) փոխանակելու տարբերակի մասին, Չեխիան Գոնսալեսին արտահանձնելու դիմաց պահանջել է Զապին, սակայն դա իրականություն չի դառնում հենց օրենսդրական խոչընդոտի պատճառով։

«Քրեական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ փոխանակման որևէ տարբերակ ոչ մի պարագայում չի կարող քննարկվել, քանի որ արտահանձնման գործընթացը շատ հստակ է և կարգավորվում է բացառապես միջազգային պայմանագրերով։ «Էքստրադիցիան կարգավորվում է կոնկրետ օրենքով և չի կարող որևէ այլ տարբերակ քննարկվել։ Զապը կամ Գոնսալեսի անվան տակ հանդես եկող Նարեկ Սարգսյանը գերի չեն, որ քննարկվի ինչ-որ փախանակման տարբերակ»,- ասաց Գասպարյանը։ Նա հնարավոր չհամարեց նաև, որ այս հարցով կայացվի նաև քաղաքական որոշում։ «Չեմ կարծում, որ նորորյա Հայաստանը կգնա դրան, այսինքն՝ շրջանցելով օրենքը՝ կկայացնի քաղաքական որոշում։ Կրկնում եմ, արտահանձնումը կազմակերպվում է միայն միջազգային պայմանագրերի հիման վրա»,-նկատեց Գասպարյանը։

Ուշագրավ է, սակայն, որ Չեխիան եվրոպական երկրներից միակն է, որ հիմնականում չի արտահանձնում ձերբակալված անձանց, որոնք հանդիսանում են նաև այլ երկրների քաղաքացիներ։ Այդ իսկ պատճառով էլ հանցագործները նախընտրում են ձերբակալվել կամ թաքնվել հենց Չեխիայում։

Հիշեցնենք, որ օրերս մամուլը գրել էր, որ Չեխիայում կայացել է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Ֆրանկլին Գոնսալեսի անվան տակ թաքնված Նարեկ Սարգսյանին արտահանձնելու գործով դատական նիստը: Նիստը հրավիրվել է քննարկելու ՀՀ գլխավոր դատախազության դիմումը Նարեկ Սարգսյանի արտահանձնման վերաբերյալ: Սակայն դատական նիստը հետաձգվել է, և առաջիկայում կայանալիք դատական նիստին կորոշվի Նարեկ Սարգսյանին արտահանձնելու հարցը: Հիշեցնենք նաև, որ հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել էր 2018թ. դեկտեմբերի 6-ին՝ Պրահայում: 2019 թվականի հունվարի 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Նարեկ Սարգսյանի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել էր Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին:

Միաժամանակ, ՀՀ դատախազությունը նախօրեին տեղեկացրել էր, որ չեխական կողմից պաշտոնապես չի տեղեկացվել հետախուզման մեջ գտնվող և Չեխիայի իրավապահ մարմինների կողմից էքստրադիցիոն կալանքի տակ գտնվող Նարեկ Սարգսյանի արտահանձնման դիմումի մերժման, նրան արգելանքից ազատելու վերաբերյալ: Ըստ այդմ, նշված անձի՝ ՀՀ իրավապահ մարմիններին հանձնման գործընթացն այս պահի դրությամբ գտնվում է ընթացքի մեջ։