Գլխավոր Նորություններ Արա, դու ի՞մ հետ ես ըտենց խոսում. ձենդ կտրի հլը. Քոչարյանի գործով...

Արա, դու ի՞մ հետ ես ըտենց խոսում. ձենդ կտրի հլը. Քոչարյանի գործով նիստում բախում տեղի ունեցավ փաստաբանի ու դատախազի միջև

18

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրեցին մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանին:

Բացարկի մասով դիրքորոշում հայտնեց նաև փաստաբան Միհրան Պողոսյանը, ում խոսքի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ նրա ու Բաղդասարյանի միջև:

Պողոսյանը հայտարարեց, որ 2018 թվականի փետրվարի 23-ին Բաղդասարյանն ԱԺ ամբիոնից հստակ հայտարարել է, որ ՀՀ-ում 2008 թվականին բարձր զինվորական դասային աստիճաններ ունեցող անձանց նկատմամբ քրեական հետապնդում, նույնսիկ հարցաքննության հրավիրելու որևէ հանգամանքներ առկա չեն. «Նույնը վերաբերել է նաև ՀՀ նախագահներին վերաբերող հարցերին: Պետք է հուսանք, որ պարոն Բաղդասարյանն այդ հարցերին պատասխանելիս չի առաջնորդվել որևէ քաղաքական հրահանգով, ուղղակի պատվերով, այլ իրացրել է իր լիազորությունները: 2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի ունեցած հայտնի իրադարձությունենրից հետո սույն քրեական գործի ընթացքն ամբողջությամբ փոխվել է, այն փոխվել է նույն դատախազի հսկողության տակ գտնվող քրեական գործով, սակայն փաստական հանգամանքները որևէ կերպ չեն ավելացել այդ ընթացքում»:

Պողոսյանի խոսքերով, եթե առանց որևէ նոր փաստական հանգամանքի, գործի ընթացքը փոխվում է, ակնհայտ է դառնում, որ դատախազը գործում է ոչ թե օրենքով, այլ որոշակի քաղաքական պահանջներին համահունչ. «Կամ պարոն Բաղդասարյանը 2018 թվականի փետրվարին է քաղաքական պատվեր կատարել, կամ հիմա է կատարում: Երկու պարագայում էլ նա չի գործում օրենքով: Այդ հիմքով ենթակա է բացարկման»:

Բաղդասարյանը հայտարարեց, որ առարկում է:

«Ես Ձեզ չէի ընդհատում»,-արձագանքեց Պողոսյանը:

Դատախազի հաջորդ արձագանքին, փաստաբանը հայտարարեց. «Դու ինձ մի ասա, թե ես ինչ անեմ»:

Դատախազն ասաց, որ կարող է ասել:

«Չես կարող ասել, տեղդ նստի»,-ասաց Պողոսյանը:

«Դու չպետք է ասես, թե ով ինչ անի»,-պատասխանեց Բաղդասարյանը:

Բաղդասարյանը պնդեց դատավորին կարգի հրավիրել փաստաբանին:

«Դու ինձ մի ասա ես ինչ անեմ, կկտրեմ ձայնդ չես մոռանա»,-ասաց Բաղդասարյանը՝ դիմելով փաստաբանին:

«Արա, դու ի՞մ հետ ես ըտենց խոսում: Ձեն կտրողին նայի հլը, փորձի հլը»,-ասաց Պողոսյանը:

Դատավոր Աննա Դանիբեկյանը ստիպված ընդմիջում հայտարարեց: