Գլխավոր Նորություններ Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. «Քաղաքացու տոնի» ժամանակ պատգամավորն ու վարչական շրջանի...

Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. «Քաղաքացու տոնի» ժամանակ պատգամավորն ու վարչական շրջանի ղեկավարը հարձակվել են փոխմարզպետի վրա. վերջինը ահազանգել է ոստիկանություն

296

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել Վայք քաղաքի բնակիչ, 38-ամյա Ռազմիկ Տոնոյանի կողմից, ով հայտնել է, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում «Քաղաքացու տոնին» նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել Երևանի բնակիչ, 56-ամյա Սերգեյ Բագրատյանը և Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչ, 50-ամյա Արմեն Սետրակյանը, ովքեր անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել են հարձակվել իր վրա և իրեն հարվածել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Տոնոյանն աշխատում է Վայոց Ձորի փոխմարզպետ, Ս. Բագրատյանը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան կուսակցության» խմբակցության պատգամավոր է, իսկ Ա. Սետրակյանը՝ Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավարն է:

Փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Սետրակյանը հայտնաբերվել է, հրավիրվել ոստիկանություն, իսկ Ս. Բագրատյանը դեռևս չի հայտնաբերվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: