Գլխավոր Նորություններ Ռուսաստանի դեսպանատունը հանդես է եկել մեկնաբանությամբ՝ Երևանում Գրիբոյեդովի արձանի պղծման կապակցությամբ

Ռուսաստանի դեսպանատունը հանդես է եկել մեկնաբանությամբ՝ Երևանում Գրիբոյեդովի արձանի պղծման կապակցությամբ

11

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հանդես է եկել մեկնաբանությամբ՝ Երևանում Գրիբոյեդովի արձանի պղծման կապակցությամբ:

«Մենք կիսում ենք պաշտոնական Երևանի դիրքորոշումը, որը խիստ հստակ նկարագրել է այս տգեղ արարքը՝ կապված հայ ժողովրդի մեծ բարեկամ Գրիբոյեդովի հուշարձանի հետ: Ենթադրում ենք, որ հայ հասարակության կողմից այս արարքի միաձայն դատապարտումը վկայում է Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական, դաշնակցային հարաբերությունների ամրության մասին, որոնք ունեն պատմական խորն արմատներ», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ երեկ քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանն ակցիա էր իրականացրել՝ կարմիր ներկ լցնելով Գրիբոյեդովի արձանի վրա։

Դեպքին արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ նշելով, որ դատապարտում են արարքը։

«Դատապարտում ենք տեղի ունեցածը։ Վանդալիզմի նման դրսևորումները տեղ չպետք է ունենան մեր հասարակությունում», – ասել է Կարապետյանը։

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը բացասական է վերաբերվում Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի նկատմամբ տեղի ունեցած վանդալիզմին։

«Էդ մարդն ուղղակի չգիտի, թե Գրիբոյեդովն ով է, ինչ դեր է ունեցել, ինչի համար են իրեն սպանել։ Վատ բառ չեմ ուզում ասել, բայց, հավատացեք, տեղ կա վատ բառ ասելու», – ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ այն, ինչ կատարվել է, վանդալիզմ է։

«Ընդամենը աչքի ընկնելու անհաջող փորձ է, որը, ի ուրախություն ինձ, հանրության գրեթե բոլոր շերտերի մոտ բացասական գնահատականի է արժանացել», – ասաց ԱԺ փոխնախագահը։