Գլխավոր Սպորտ Արմեն Մելիքբեկյանն իրավունք չուներ առաջադրվելու, նա ֆեյք թեկնածու է. Հայրապետյան

Արմեն Մելիքբեկյանն իրավունք չուներ առաջադրվելու, նա ֆեյք թեկնածու է. Հայրապետյան

29

Ես հրաժարական չեմ տվել, այդ միտքն անընդհատ պտտվում է, եթե իշխանափոխությունը չլիներ էլ, ես չէի առաջադրվելու, մինչև վերջ կշտացել էի ֆուտբոլից. Այս մասին «Պրեսինգ» հաղորդման ժամանակ ասաց ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը:

«Ով ուզում է դառնալ ՀՖՖ նախագահ, թող չդառնա, որովհետև այդպիսի անշնորհակալ աշխատանք չկա, հավաքականը հաղթում է, ասում են՝ ապրեն ֆուտբոլիստներն ու մարզիչը, հավաքականը պարտվում էր՝ աշխարհի ամենավատ մարդը Հայրապետյան Ռուբենն էր: Իմ ամենասիրած խաղն էր, բայց հիմա հեռուստացույցի երեսին չեմ էլ ուզում նայել, երբ ֆուտբոլ է, որովհետև ֆուտբոլի երեսից ես այնքան եմ տուժել ու կորցրել»,- ասաց նա և հավելեց, որ տարիներ շարունակ իր երեխաների միլիոնավոր դոլարները տարել, դրել է ֆուտբոլի զարգացման մեջ:

Նա նշեց, որ չարտերային թռիչքների համար միլիոններ է ծախսել:

«Հավաքականը չարտերային թռիչքներով թռել է տարբեր երկրներ, թող ստուգեն՝ ֆեդերացիան վճարե՞լ է այդ չվերթների համար, թե՞ ոչ: 4 արտասահմանցի մարզիչներ ենք ունեցել, թող մի հատ տեսնեն՝ այդ մարզիչներին մի կոպեկ վճարե՞լ է ֆեդերացիան: Լավ, ես ամենավատն եմ ձերբակալեք ինձ, ի՞նչ է, հավաքականը դադարելո՞ւ է պարտություններ կրել, թե՞ էլի ես էի մեղավոր, որ 9:1 պարտվեցին»,- ասաց նա:

Խոսելով ՀՖՖ նախագահների թեկնածուների մասին՝ Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ իր ճակատագրական սխալն է եղել Արմեն Մելիքբեկյանին ու Արմեն Նիկողոսյանին աշխատանքի ընդունելը:

Հիշեցնենք՝ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 3 թեկնածու՝ Խորեն Հովհաննիսյանը, Արմեն Մելիքբեկյանը և «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը:

«Արմեն Նիկողոսյանն ու Արմեն Մելիքբեկյանը միշտ երազել են ՀՖՖ նախագահին մոտիկից տեսնել, հիմա ինչի՞ են հավակնում: Նիկողոսյան Արմենին էնքան լավ բան եմ արել, իրեն, իր ընտանիքին…»,- ասաց նա և հավելեց, որ Արմեն Մելքիբեկյանին ինքն է աշխատանքից հանել՝ ֆեդերացիայի հատկացրած գումարներն այլ բաների վրա ծախսելու համար: «Երբ Վանեցյանի ընտրություններն էր, ու ինքը գործկոմի անդամ էր ընտրվում, նույնիսկ կոշիկի տակ չուներ, այն հենց այդ ժամանակ պոկվեց, ծիծաղի առարկա էր դարձել»,- ասաց նա:

Հայրապետյանի խոսքով՝ երկու թեկնածուներն էլ «ֆեյք» են: «Պատգամավոր Արեն Մկրտչյանն իրավունք չունի գործոկոմի անդամ առաջադրվելու, Նիկողոսյան Արմենը իրավունք չունի ՀՖՖ նախագահի թեկնածու առաջադրվելու, որովհետև վերջին 5 տարվա մեջ անընդհատ չի զբաղվել ֆուտբոլով: Մելիքբեկյան Արմենը նույնպես իրավունք չունի  ՀՖՖ նախագահ լինելու»,- ասաց նա: