Գլխավոր Նորություններ Երևանում. 15-ամյա տղան հոր BMW-ով մոտ 20 մետր օդային թռիչք անելով, հայտնվել...

Երևանում. 15-ամյա տղան հոր BMW-ով մոտ 20 մետր օդային թռիչք անելով, հայտնվել է Երևանյան լճում

34

Դեկտեմբերի 14-ին, կասկադյորական վթար է տեղի ունեցել Երևանում:Ժամը 21:50-ի սահմաններում, BMW մակնիշի 23 ՕՏ 871 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շենգավիթ վարչական շրջանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20-25 մետր օդային թռիչք կատարելով, հայտնվել է Երևանյան լճում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ով եղել է 15 տարեկան տղա, տեղափոխվել է Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչներ Կարեն Գևորգյանն ու Թագվոր Թագվորյանը:

Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ բաժնի պետ Հրայր Դավթյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, ով պատրաստակամություն հայտնեց, որպեսզի վերամբարձ կռունկով և քարշակ մեքենայով օգնի, որ ջրասուզակն ու հրշեջ-փրկարարները ավտոմեքենայով դուրս բերեն լճից:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մարգար Ներսիսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ վարորդը եղել է Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 15-ամյա Գրիգոր Հ.-ն:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: