ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար Արթուր Աղաջանյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտարարել է, որ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ հիմնավոր է: «Մենք մեղադրանք առաջադրեցինք, քանի որ ունեինք ապացուցողական այն համակցությունները, որն ամբողջությամբ մեզ իրավունք էր վերապահում մեղադրանք առաջադրելու համար»,-ասել է Արթուր Աղաջանյանը:
ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարը, արձագանքելով նաև Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի հայտարարությանը, թե «ուղղորդված քննություն է ընթանում», ասել է. «Ես հակառակը կպնդեի: Ավելի շատ փաստաբաններն են ուղղորդում տվյալ դեպքում, որովհետև նույն փաստաբանները, մասնավորապես տիկին Պետրոսյանը, մինչև այս գործը բազմաթիվ քրեական գործերում ներգրավված է եղել որպես պաշտպան և բազմաթիվ անգամ շեշտել է ԱԱԾ քննչական մարմնի անաչառությունը, օբյեկտիվությունը, թեկուզև մարդկային մոտեցումը: Տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ տիկին Պետրոսյանը պնդում է, թե ԱԱԾ-ում տվյալ քրեական գործն ուղղորդված է, կարված է ԱԱԾ կողմից, շինծու է: Այս բոլոր պնդումներում առկա է հանցակազմ, եթե առկա է հանցակազմ, և հիմնավորված պնդումներ են, ինչպես իրենք են դա մեկնաբանում, ապա ինչո՞ւ հանցագործության մասին հաղորդմամբ չեն դիմում գլխավոր դատախազին, որպեսզի ԱԱԾ քննիչի նկատմամբ հարուցի քրեական գործ:
…Անհասկանալի է նաև Ինեսսա Պետրոսյանի ամուսնու՝ նույնպես փաստաբան Կարեն Մեժլումյանի՝ սոցցանցում գործի առնչությամբ արած գրառումը: Կարեն Մեժլումյանն իրեն իրավունք է վերապահում հայտարարություն անել տվյալ քրեական գործի ընթացքի կապակցությամբ Արթուր Վանեցյանի հայտարարությունների վերաբերյալ, մասնավորապես նրա մասին, որ քրեական գործը դատարան ուղարկելուց հետո ամեն ինչ կպարզվի: Պարոն Մեժլումյանն այս քրեական գործով որպես պաշտպան ներգրավված չէ, և տիկին Պետրոսյանի ամուսինը լինելու հանգամանքը որևէ իրավունք նրան չի վերապահում տվյալ քրեական գործով այդպիսի հայտարարություն անել: Վանեցյանի հայտարարությունն արձանագրում էր այն հանգամանքը, որ եթե կա հարուցված գործ, որով կան մեղադրյալներ և կալանավորվածներ, ապա ենթադրվում է, որպես կանոն, որ տվյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվելու է դատարան, և դա որևէ կերպ չի խոսում այն մասին, որ գործը դատարան ուղարկելը կանխորոշված է Վանեցյանի կողմից»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: