Գլխավոր Շոուբիզնես Սոսո Պավլիաշվիլին` New School–ում. պրոդյուսերը` երգչի մասին հումորի ու նրա արձագանքի մասին

Սոսո Պավլիաշվիլին` New School–ում. պրոդյուսերը` երգչի մասին հումորի ու նրա արձագանքի մասին

103

New School հումորային սթենդ-ափ շոուն նոր թողարկմանը հյուրընկալել է երգիչ Սոսո Պավլիաշվիլիին։ Կատարողը ոչ միայն դահլիճում նստած է եղել որպես հյուր է, այլև մասնակցել է շոուի ավանդական էջին, երբ հյուրերը բեմում են՝ որպես հումորային համարի գլխավոր հերոս։

Tert.am Life-ը New School-ի պրոդյուսեր Սարգիս Մնոյանի հետ զրուցել է ոչ միայն Սոսո Պավլիաշվիլիի մասնակցությամբ եթերի, այլև ծրագրի վերաբերյալ արձագանքների մասին։

«Մի բան է, երբ մասնակցում ես շոուին որպես հյուր, բոլորովին այլ բան է, երբ այդ շոուի մասն ես դառնում։ Սոսո Պավլիաշվիլին բավականին ջերմ արձագանքեց, երբ ասացինք, թե ինչ ենք նախատեսում իր հետ կապված։ Այս դեպքում հումոր անելու ամենամեծ խնդիրն այն էր, որ նա չի տիրապետում հայերենին։ Մեր առաջ դրված էր բավականին մեծ խնդիր՝ անելու մի բան, որը  և՛ իրեն հասկանալի կլիներ, և՛ հետաքրքիր կլիներ մեր հանդիսատեսին։ Այդ խնդիրի լուծումը գտանք, բայց չեմ մանրամասնի, թե ինչպես։ Նկարահանումից հետո Սոսո Պավլիաշվիլին  լավ  արձագանքեց այն ամենին, ինչն իր հետ կատարվել էր բեմում»,- պատմեց Սարգիսը։

Ինչ վերաբերում է հումորային շոուի վերաբերյալ համացանցային մեկնաբանություններին,  ըստ պրոդյուսերի, դրանց հետևելն այնքան էլ շնորհակալ գործ չէ: «Իհարկե, կարելի է ծանոթանալ քննադատությանը, բայց դրան անհրաժեշտ կլինի հետևել, եթե  քննադատությունը կառուցողական է, ոչ թե արված է միայն փնովելու համար։ Կարծիքները շատ են՝ և՛ լավը կա, և՛ վատը, բայց  դրականը գերակշռող է։ Մեզ ուղղված լավ կարծիքները հիմնականում արված հումորներին են վերաբերում, քանի որ թույլ չենք տալիս  գռեհկություններ, չնայած նախագիծը 16+ է։ Առաջին հերթին մեր ներքին ցենզուրան թույլ չի տալիս, որ գռեհիկ բաներ հնչեն բեմից»։

Շարունակելով  խոսել New School-ի բեմին թույլատրելի և անթույլատրելի հումորների մասին՝ Սարգիս Մնոյանն ընդգծեց. «Եթե ինչ-որ մեկի մասին մի բան ես ասում, երբեք չպետք է քեզ թույլ տաս վիրավորել դիմացինին, անգամ, եթե հումորի շրջանակում։ Մեր հաղորդման կառուցվածքի համաձայն՝ հյուրի շուրջ համար ենք կառուցում, ինչը նրբանկատություն է պահանջում։ Հյուրը պետք է բարձր տրամադրությամբ հեռանա։ Հումորը կարող է լինել 18+, որպես մասնագետ, կարող եմ ասել, որ աշխարհի ամենածիծաղելի հումորները հենց ցենզուրայից դուրս բառապաշարով են, բայց  սա չի նշանակում, որ առանց 18+-ի հումորները պակաս ծիծաղելի են։ Դրա համար պետք է գտնել ոսկե միջինը։ Թեման պետք է կառուցված լինի ոչ թե գռեհկության, այլ հումորի վրա։  Մասնագիտական բավականին հնարքներ կան, որոնք կարող ենք կիրառել և ստանալ այն, ինչ պետք է։ Ամենադժվար բանը մարդկանց ծիծաղեցնելն է, նաև դա է պատճառը, որ հումորը շարունակում է լինել շատ սուբյեկտիվ։  Հնարավոր է` մենք մի բան նախատեսենք, մարդիկ բոլորովին այլ կերպ ընկալեն։  Փորձում ենք ամեն ինչ հղկել ոչ միայն սցենարի, այլև դերասանական խաղի, փորձերի և, անգամ, մոնտաժի արդյունքում»։

Սարգիսը նշեց, որ այս ընթացքում ունեցել են մասնագիտական կարծիք լսելու հնարավորություն։  «Ո՞վ ավելի լավ  կարող է վերլուծել  մեր արած աշխատանքը, քան  Գարիկ Մարտիրոսյանը։ Նա հյուրընկալվել է մեր նախագծին  որպես  մարդ, որն անցկացրել է վարպետության դաս, բացի այդ իր հետ զրուցել ենք ծրագրի կառուցվածքի, առանձնահատկությունների մասին, մասնակցել է նկարահանմանը, բայց ոչ տաղավարային նկարահանմանը»,- ասաց պրոդյուսերը։