Գլխավոր Նորություններ Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Hyundai-ը, Hyundai-ն էլ տապալել է...

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Hyundai-ը, Hyundai-ն էլ տապալել է գազախողովակը. կան վիրավորներ

159

Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Քրեյզի» գիշերային ակումբի դիմաց, բախվել են Երևան քաղաքի բնակիչներ՝ 50-ամյա Ավետիք Մարտիրոսյանի վարած Mercedes մակնիշի 35 FT 664 համարանիշի և 25-ամյա Շահեն Շահինյանի վարած Hyundai մակնիշի 15 TO 015 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Hyundai ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և մոտ 100 մետր կանաչ գազոնի վրայով առաջ ընթանալով՝ բախվել է բազալտե քարերին և հայտնվել ոչ երթևեկելի գոտում։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչները՝ դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով վնասվել էր գազախողովակը և գազի արտահոսք էր սկսվել ու օպերատիվորեն ժամանած «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ ծառայողները՝ բաժնի պետ Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ դադարեցրեցին գազի արտահոսքը և տեղում սկսեցին վթարի հետևանքների վերացման աշխատանքներ կատարել։ Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հեթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ։ Գ. Կիրակոսյանի որոշմամբ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է, որ Hyundai-и վարորդ Շ. Շահինյանը եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել «Կարմիր բերետները»։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ