Գլխավոր Արցախ Մեր պետության կարևորագույն խնդիրներից է՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որ յուրաքանչյուրն ունենա աշխատելու...

Մեր պետության կարևորագույն խնդիրներից է՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որ յուրաքանչյուրն ունենա աշխատելու հնարավորություն. Բակո Սահակյան

188

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:

«Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:

Հայ ժողովուրդը միշտ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, մեծարել ու գնահատել է աշխատավորին ու նրա աշխատանքը՝ այն խորին համոզմամբ, որ հենց աշխատանքն է դաստիարակում ու գեղեցկացնում մարդուն, հենց աշխատանքն է բարօրության հիմնական աղբյուրը:

Մեր պետության կարեւորագույն խնդիրներից է՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի յուրաքանչյուրն ունենա աշխատելու, սեփական աշխատանքով իր կարիքները հոգալու, իր երեխաների համար բարեկեցիկ կյանք ապահովելու հնարավորություն:
Նոր աշխատատեղերի ստեղծումը, բնակչության զբաղվածության մակարդակի բարձրացումը, աշխատավորների իրավունքների պաշտպանությունն այսուհետ եւս կլինեն մեր իշխանությունների առաջնահերթությունների շարքում, որոնց լուծման ուղղությամբ իրականացվում են տարբեր ծրագրեր:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ մայիսյան այս գեղեցիկ տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք», – ասված է ուղերձում։