Գլխավոր Նորություններ Նոր մարտահրավեր մարդկությանը․ կորոնավիրուսը մոտենում է Հայաստանին (Video)

Նոր մարտահրավեր մարդկությանը․ կորոնավիրուսը մոտենում է Հայաստանին (Video)

198

Factor.am-ը գրում է.

Նոր մարտահրավեր մարդկությանը․ հարյուրից ավելի մահացության դեպք և 4500 վարակակիր։

Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի տվյալներով՝ կորոնավիրուսն ընդլայնում է սահմանները։

Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսով վարակվածության արդեն շուրջ 70 դեպք է գրանցվել։  Միայն Թաիլանդում դրանց թիվը 14-ի է հասել։

Մոտ 30 դեպք է գրանցվել Ճապոնիայում, Հարավային և Հյուսիսային Կորեայում, Սինգապուրում, Մալազիայում ու Վիետնամում։

Հունվարի 25-ին հայտնի դարձավ, որ կորոնավիրուսը հասել է Ավստրալիա։

Երեկ վարակման առաջին դեպքը գրանցվեց Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում։  

Ավելի ուշ՝ երեք դեպք Ֆրանսիայում։

Այսօր արդեն՝ մեկ դեպք Գերմանիայում։

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակի դեռևս 5 դեպք է գրանցվել։ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման  կենտրոնն ամերիկացիներին հորդորել է խուսափել երկրի սահմաններից դուրս գալ։

Այսօր էլ Թուրքիայում կորոնավիրուսի կասկածով չինացի 10 զբոսաշրջիկ և երկու տեղացի են հոսպիտալացվել։

Այդուհանդերձ, մահացության բոլոր դեպքերը բաժին են ընկել Չինաստանին։

Հայաստանում կորոնավիրուսի կամ նմանատիպ վիրուսով վարակի դեպքեր առայժմ չեն գրանցվել։

Նախորդ շաբաթ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ իրավիճակը վերահսկվում է, Հայաստան ժամանող ուղևորների ջերմաչափում է տեղի ունենում, սահմաններ փակելու խնդիր առայժմ չեն տեսնում։

Հայաստանի արտգործնախարարությունը Հայաստանում գտնվողներին հորդորել է ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից, իսկ Չինաստանում գտնվող հայրենակիցներին՝  մշտական կապի մեջ լինել Հայաստանի դեսպանության և արտգործնախարարության հետ։

Կորոնավիրուսի պատճառով ՍԱՊԾ-ն հունվարի 26-ից արգելել է Չինաստանից և չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Հայաստան։

Շուրջ 12 մլն բնակչություն ունեցող չինական Ուհան քաղաքում, որտեղից վարակը սկսել էր տարածվել, ծրագրում են 10 օրում 25 հազար քմ տարածքով նոր հիվանդանոց կառուցել, որտեղ հնարավոր  կլինի կորոնավիրուսով վարակված 1000 հիվանդի տեղավորել։  Նշենք, որ կորանավիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 1965 թվականին՝ սուր քթաբորբով հիվանդի մոտ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝  կորոնավիրուսի հիմնական ախտանշաններն են բարձր ջերմությունը, հազը, ինքնազգացողության վատացումը, կոկորդի ցավը, քթարտադրությունը, շնչելիս դժվարությունները և գլխացավը։ Կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։

Հունվարի 22-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արտահերթ նիստ է հրավիրել: Առայժմ հստակ չէ կորոնավիրուսի տարածման աղբյուրը։ Մինչ այդ՝ տարածվել է վարկած, որ վիրուսի հավանական տարածողները եղել են օձերը: Ենթադրվում է, որ վարակված օձերի աղբյուր կարող էր լինել Ուհանի՝ այժմ փակված մեծածախ շուկան, որտեղ օձեր ու չղջիկներ են վաճառվել:  

Մանրամասները՝ տեսանյութում։

Նյութի աղբյուր՝ https://factor.am/217323.html