Գլխավոր Նորություններ Բազմադարյա պեղումներ ու նոր գտածոներ. Դաշտադեմի ամրոցի պահպանության ծրագիրն ավարտված է

Բազմադարյա պեղումներ ու նոր գտածոներ. Դաշտադեմի ամրոցի պահպանության ծրագիրն ավարտված է

95

Ապրիլի 30-ին Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիի, ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանի և Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ներկայությամբ ազդարարվեց Դաշտադեմի պատմական ամրոցի պահպանության ծրագրի ավարտը: Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից՝ 143.175 ԱՄՆ դոլար դրամաշնորհի միջոցով, ներառել է պեղումներ և Դաշտադեմ ամրոցի համալիրի մասնակի վերականգնում:

«Շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ: Ինձ հետ այստեղ են նաև փոխնախարարը, մարզպետը, ու սա խոսում է մեր գործընկերության մասին, ինչի արդյունքում իրականացավ այս կարևոր վերականգնողական ու պահպանության աշխատանքը: Մասնագետներից, ճարտարապետներից տեղեկացանք կատարված աշխատանքների մասին, ուշագրավ է, թե ինչ հսկա տեղական ներուժ է կիրառվել: Դեսպանատունը մեծ պատիվ է համարում Դաշտադեմ ամրոցի և նմանատիպ այլ վայրերի վերականգնման և պահպանության գործում դերակատարում ունենալը, որպեսզի ապագա սերունդները իմանան, թե որտեղից է սերում ժամանակակից հայկական մշակույթը», – Դաշտադեմում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց դեսպան Թրեյսին:

Հատկանշական է, որ ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում իրականացնում է մշակութային պահպանության տարբեր ծրագրեր՝ հուշակոթողների ֆիզիկական պահպանություն, ֆիլմերի արխիվացում և այլն:

Համագործակցելով ՀՀ մշակույթի նախարարության և «ԱՄԱՓ» Մարդկային զարգացման ՀԿ-ի հետ՝ ԱՄՆ դեսպանատունը Դաշտադեմում լայնամասշտաբ 2 փուլով պեղումներ սկսեց 2015 թվականից: Հարցին՝ կունենա՞ն աշխատանքները 3-րդ փուլ, ԱՄՆ դեսպանը նկատեց՝ այս պահի դրությամբ որևէ որոշում չկա կայացված, առաջարկների դեպքում կքննարկեն:

«Այստեղ երկու անգամ արդեն ծրագիր ենք իրականացրել, սակայն նման կարևոր հուշակոթողների հետ կապված հարցերում մշտապես պատրաստ ենք առաջարկները քննության առնել», – շեշտեց նա:

Իսկ թե ֆինանսավորումը ԱՄՆ դեսպանատան կողմից չշարունակվելու դեպքում ի՞նչ միջոցներ ձեռք կառնի ՀՀ Մշակույթի նախարարությունը, Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը վստահեցրեց՝ նախարարությունը փորձելու է գտնել ճանապարհներ նաև մասնավոր-պետություն համագործակցության շրջանակներում:

Մասնագիտությամբ ճարտարապետ փոխնախարարն ընդծեց՝ Դվինից Անի գնացող կամ, ինչպես ժամանակին էին ասում, Մետաքսի ճանապարհի ուղղությամբ գտնվող Դաշտադեմի ամրոցի պահպանումը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի, քանի որ պատմագրական տարբեր շերտագրություն է ներառում:

«Տարածաշրջանում սա կարևոր ամրոցներից մեկն է եղել, ու անհրաժեշտ էր այն ոչ միայն պեղումների հիման վրա ճշգրտությամբ վերականգնելը, այլև՝ հանրահռչակելը, որպեսզի տուրիստական մեծ հոսքի կենտրոնում լինի: Վստահ եմ՝ մենք այստեղ շուտով կունենանք զբոսաշրջության մեծ կենտրոն», – հավելեց Տիգրան Գալստյանը:

Ամրոցի շրջայցի ընթացքում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնեաբան Աստղիկ Բաբաջանյանը պատմեց, որ ըստ որոշ տեղեկությունների՝ ամրոցը կառուցվել է Բագրատունիների օրոք՝ 10-րդ դարում: Սակայն ծաղկման ժամանակաշրջանը 12-14-րդ դարերն են: 20-րդ դարում այս տարածքում գյուղ է հիմնվել, ու ամրոցն ամբողջությամբ մինչ պեղումները գտնվել է գյուղի տակ:

Պեղումների միջոցով հստակ առանձնացվել է 3 մշակութային շերտ՝ 12-14, 15-18 և 19-20-րդ դարեր: 

«Սկզբում Դաշտադեմում հաստատվում են ծագումով քուրդ Շադադյանները, սակայն շուտով Զաքարյանների գլխավորությամբ հայ-վրացական զորքն ամրոցն ազատագրում է Շադադյաններից, ու այստեղ հաստատվում են Զաքարյան տոհմի ներկայացուցիչները: Վերջիններս լայնածավալ կառուցումներ են անում՝ համալրելով դղյակը կիսակլոր աշտարակներով, կառուցում են նաև ներքին պարսպապատը: Անդրադառնալով կատարված աշխատանքներին՝ ասեմ, որ արտաքին պարիսպները պեղումների արդյունքում են բացվել, գտնվել են նաև տարբեր դարաշրջանների կենցաղային իրերի բեկորներ ու դրամական միավորներ», – ցուցադրելով գտածոն՝ մանրամասնեց Ա. Բաբաջանյանը:

ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը 2005թվականից  Հայաստանի մշակութային վայրերի պահպանման համար միջոցներ է տրամադրում՝ ֆինանսավորելով այնպիսի նախագծեր, ինչպիսիք են՝ Նորատուսի միջնադարյան գերեզմանատան և խաչքարերի հավաքածուի քարտեզավորումն ու արժեքների ցուցակագրումը,  Գառնիի միջնադարյան քարակառույց կամուրջի պահպանումը, Արենու քարանձավի պահպանությունը և ավանդական հայկական երաժշտության և պարերի հավաքագրումը: