«Կենդանաբանական այգու գործունեության հետ կապված գնահատականներ ոչ թե բողոքի ակցիայի մասնակիցներն են տալիս, այլ մասնագետները, որոնք պարբերաբար այցելում են այգի և բարձր գնահատում մեր գործունեությունը», – լրագրողների հետ զրույցում ասաց կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։ Վերջինս իր դեմ ուղղված բողոքի ակցիան որակեց որպես զավեշտ ու զրպարտանք։ Բողոքի ակցիայի մասնակիցների պահանջին ի պատասխան՝ այգու տնօրենն ասաց, որ պաշտոնից հրաժարվելու որևէ հիմք չի տեսնում։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ին այգու նախկին աշխատակիցները տեղեկացրել էին, որ Ռուբեն Խաչատրյանը երեխաներին հրավիրել է՝ վագրի վիրահատությունը դիտելու։ Տնօրենն իր պարբերաբար ուղիղ հեռարձակումները մեկնաբանեց հետևյալ կերպ,-«Հանրությունը շատ հետաքրքված է այգով։ Հեռարձակումներ եմ արել, որ գան ու տեսնեն վիրահատությունը պատուհանից այն կողմ»։ Հարցին արդյոք վիրահատական գործընթացին երեխաների մասնակցությունը նորմալ է, այգու տնօրենն ասաց, – «Ծնողներն են որոշում՝ իրենց երեխաները գան, թե ոչ։ Այս պրակտիկան ողջ աշխարհում է կիրառվում և չկա օրենքի այն սահմանափակումը, որով կարող են մեղադրել ինձ։ Դա ատամների վիրահատություն էր, որը կարծում եմ բոլոր երեխաների համար հետաքրքիր է»։