Գլխավոր Նորություններ Կառավարությունը հեռացել է «թավշյա հեղափոխության» ազդարարած նպատակներից. Արթուր Վանեցյանի հարցազրույցը «Ինտերֆաքս»-ին

Կառավարությունը հեռացել է «թավշյա հեղափոխության» ազդարարած նպատակներից. Արթուր Վանեցյանի հարցազրույցը «Ինտերֆաքս»-ին

51

Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ռուսական «Интерфакс» գործակալությանը տված հարցազրույցում մանրամասներ է պատմել իր ղեկավարելիք կուսակցության մասին: Վանեցյանը նշել է, որ ընդդիմադիր կուսակցության գաղափարախոսության հիմքում ավանդույթներն ու առաջընթացն են լինելու:

«Նոր քաղաքական կուսակցությունը կենտրոնական, աջ կենտրոնական ուղղվածության է լինելու, գաղափարներում ու ծրագրերում ներդաշնակ միահյուսվելու են ավանդույթներն ու առաջընթացը: Այս շրջանում համախոհների և հնարավոր գործընկերների հետ լայն քննարկումներ են ընթանում, միայն դրանց ավարտին մենք կազդարարենք կոնկրետ ծրագրերի մասին և կհրապարակենք առաջիկա գործողությունների ճանապարհային քարտեզը: Նոր քաղաքական ուժը որպես ընդդիմություն է հանդես գալու»,-ասել է Վանեցյանը:
Նրա խոսքով` Հայաստանում այս շրջանում շատ խնդիրներ են կուտակվել, որոնք լուծում են պահանջում, իսկ կառավարությունը հեռացել է 2018 թվականի «թավշյա հեղափոխության» ազդարարած նպատակներից:

ԱԱԾ նախկին տնօրենը կարծում է, որ Հայաստանում անցյալին վերադարձ չի լինելու: Միևնույն ժամանակ, Վանեցյանը դեմ է «ով մեզ հետ չէ՝ մեր դեմ է» քաղաքական կոշտ սահմանազատմանը, որը տարվում է իշխանության կողմից: 

«Ակնհայտ է, որ այս  կարգախոսն այսօր շատ հարմար գործելաոճ է դարձել գործող իշխանության համար, ինչն անթույլատրելի է իրավական պետություն կառուցելու` իշխանության առանձին ճյուղերի գործունեության ու հավասարակշռված քաղաքացիական հասարակություն  ունենալու տեսանկյունից: Այսօրվա Հայաստանում ռադիկալ, ծայրահեղական մոտեցումները, իմ խորին համոզմամբ, տեղ չունեն: «Սև ու սպիտակ» քաղաքական դաշտին կա այլընտրանք, քանի որ աշխարհն իրականում լի է գույներով, դրանց տասնյակ երանգներով, և մենք մտադիր ենք քաղաքական ընդհանուր ներկապնակում մեր տեղն ունենալ», – ասել է Վանեցյանը:

Նա նշել է, որ  Հայաստանում «թավշյա հեղափոխության» օրերին ու դրանից հետո մարդիկ արդարություն, սոցիալ-կենցաղային պայմանների բարելավում, կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտներում ծառայությունների մատուցման մակարդակի բարձրացում էին ակնկալում: «Խոստացան և չարեցին»,- ասել է ԱԱԾ նախկին տնօրենը:
«Հասարակական լայն համախմբման փոխարեն, առանց որի Հայաստանը չի կարող հաղթահարել երկրի ու հասարակության առջև ծառացած մարտահրավերները, մենք ունեցանք նոր ներքին «խրամատներ», բաժանում  «սևի» ու «սպիտակի», «հների» ու «նորերի», «համամիտների» և «ոչ այնքան համամիտների», որոնք անողոք պայքարում են միմյանց դեմ` համատարած ատելության մթնոլորտում: Այն, որ  այս ամենում անթույլատրելի է  ուժային կառույցների ներգրավումը,  առանձին թեմա է»,- հայտարարել է Վանեցյանը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը մնում է ու կմնա Հայաստանի ռազմավարական գործընկերը, երկու երկրների շահերից է բխում մնալ հուսալի և կանխատեսելի գործընկերներ: Նրա խոսքով` Երևանն ու Մոսկվան պետք է պահպանեն եղբայրական և ռազմավարական հարաբերությունների բազմադարյա պատմությունն ու կուտակված ներուժը և զարգացնեն դրանք ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ և ՀԱՊԿ բազմակողմ ձևաչափերում:

«Հայաստանի իշխանության ղեկին այսօր շատերն են նրանցից, ովքեր ընդդիմություն եղած ժամանակ ագրեսիվ կերպով հանդես են եկել հակառուսական դիրքորոշմամբ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, որը Հայաստանի` ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին օրինագիծ ներկայացնելը: Նրանք հայտարարում էին, որ ԵԱՏՄ-ն սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը: Այսօր այդ նույն մարդիկ առիթ բաց չեն թողնում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կարևորությունն ու կազմակերպության հետ համագործակցության խորացման անհրաժեշտությունն ընդգծելու համար», – ընդգծել է Վանեցյանը` հավելելով, որ «իրական քաղաքականությունն ու պոպուլիզմն անհամատեղելի են»:

«Շատ կարելի է խոսել բացթողումների և չիրականացած հնարավորությունների մասին, թյուրիմացություններ լինում են նույնիսկ ամենասիրով ընտանիքներում: Բարեբախտաբար, մեր ժողովուրդներին միշտ բավականացրել է հարաբերություններում բոլոր դժվարությունները հաղթահարելու իմաստություն: Համոզված եմ, այժմ էլ կբավականացնի: Անհրաժեշտ  է կամք ու իմաստություն, մեր ժողովուրդները դա ունեն: Պետք է ընդգծեմ, որ մեր հարաբերություններն ավելին են, քան առանձին վերցրած քաղաքական գործիչների կամ նույնիսկ քաղաքական ուժերի հարաբերությունները: Այդ հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն և կունենան բազմադարյա ապագա», – նշել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենը:

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենը նշել է, որ 2019 թվականին, երբ հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին, իր և վարչապետի տարաձայնություններն անհաղթահարելի էին դարձել: