Գլխավոր Նորություններ «Գառան դիմակով գայլը ինչեր է դուրս տալիս»․ Համլետ Ղուշչյան

«Գառան դիմակով գայլը ինչեր է դուրս տալիս»․ Համլետ Ղուշչյան

312

«Կարևորը գործի ընթացքը կա, մարդիկ հասկացել են՝ ով ինչ անի, պետք է պատասխան տա։ Ինձ համար տհաճ այդ անձն ասել է, որ ինքը վկայի կարգավիճակ ունի և իբրև թե ես եմ իրեն առևանգել։ Դե պակերացրեք՝ գառան դիմակով գայլը ինչեր է դուրս տալիս։ Մարդ որքան լկտի կարող է լինել, որ նման հայտարարություն անի։ Ասում է, թե իբր ինձ չի տեսել, տեսել է միայն հեռուստացույցով»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց հեռուստահաղորդավար Համլետ Ղուշչյանը՝ անդրադառնալով իր՝ ոստիկանություն ներկայացրած հաղորդման հիման վրա, ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին Քննչական կոմիտեում հարցաքննելուն։

Հետաքրքրվեցինք՝ առերեսում եղե՞լ է իր և Սամվել Ալեքսանյանի միջև, Ղուշչյանը պատասխանեց․ «Ոչ, առերեսում չի եղել, բայց ես եղել եմ քննիչի մոտ, ասել եմ ամեն ինչ և պահանջելու եմ, որպեսզի գործը մտնի դատարան և Սամվելն ու իր նմանները պատասխան տան։ Դուք չեք պատկերացնի՝ քանի հոգի է ինձ խնդրել, որ իրենց համար էլ խոսեմ, քանի որ իրենց, իրենց երեխաներին, հարազատներին էլ է առևանգել։ Առաջիկայում դրա վերաբերյալ շատ հետաքրքիր հաղորդումներ կտեսնեք, մարդիկ գալու են տաղավար և ասեն, թե ինչպես է այդ ոչնչությունն իրենց առևանգել ժամանակին։ Մարդիկ վախենում են, թե իրենց ինչ-որ բան կանի, բայց նրանց ասել եմ համապատասխան մարմիններին դիմեն, ստրուկը հանեն իրենց մեջից, քանի որ դրա նմաններն արդեն աղբանոցում են և չեն կարող վերադառնալ»,- ասաց նա։

Թեև ԼՈՒՐԵՐ․com-ը տեղեկացրել է, թե ինչից է առաջացել խնդիրը, սակայն Համլետ Ղուշչյանը ևս մեկ անգամ պատմեց, որ 2001թ․ իր հաղորդման ուղիղ եթերի ընթացքում զանգահարել է հեռուստադիտողներից մեկը և հայտնել, որ գնել է Լուս Աստղ օղի և իրեն վատ է զգում, գուցե թունավորվել է. «Ես էլ ասել եմ՝ տիկին մի շտապեք մեղադրել Լուս Աստղին, որովհետև հիմա մեզ մոտ ամեն ինչ կեղծվում է և այդ պիտակն էլ կարող է կեղծված լինել և այն ամենևին էլ կարող է Լուս Աստղ չէ։ Բայց այդ արարածը, անունն էլ չեմ ուզում տալ, եկել ինձ ասում է, թե այսքան վնաս ես տվել պետք է Երևան TV-ի բաժնեմասերդ տաս։ Գցող մարդն ի՞նչ պետք է լինի, բայց չի հասկանում, որ ամեն ոսկոր չի, որ իր բկին չի կանգնի»,- նշեց Ղուշչյանը՝ ասելով, որ տարիներ առաջ էլ դիմել է ոստիկանություն, սակայն ոչ ոք գործին ընթացք չի տվել և Արմեն Երիցյանը խորհուրդ է տվել հեռանալ երկրից, քանի որ նրա կյանքին վտանգ է սպառնում։

Ղուշչյանի խոսքով՝ այդ ժամանակ լքել է Հայաստանը, սակայն երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո հասկացել է, որ իրավիճակ է փոխվել, վերադարձել է և հույս ունի, որ Սամվել Ալեքսանյանը պատասխանատվության է ենթարկվելու․ «Ես զարմանում եմ, որ նա մինչև հիմա չի հայտնվել Ռոբերտ Քոչարյանի հարևան խցում»,- ասաց Համլետ Ղուշչյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից հեռուստահաղորդավար Համլետ Ղուշչյանի՝ իրեն առևանգելու հայտարարության հիման վրա ոստիկանությունում հարուցված քրեական գործը տեղափոխվել է Քննչական կոմիտե։