Գլխավոր Նորություններ Մարգարիտա Սիմոնյանի այլանդակ գրառումը

Մարգարիտա Սիմոնյանի այլանդակ գրառումը

1130

Ռուսական պաշտոնական պրոպագանդայի հայկական ազգանունով ներկայացուցիչ Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառում է արել Չինաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում տարհանման առնչությամբ, որ իրականացրել է Ռուսաստանը: Տարհանման ամբողջ պատմության մեջ Մարգարիտային «զարմացրել» է մի բան, որը թերեւս մարդկային տեսանկյունից պետք է որ լիներ ամենահասկանալիներից մեկն ու չառաջացներ որեւէ զարմանք:

«Չինաստանից այս ամբողջ տարհանման պատմության մեջ ինձ զարմացնում է այն, որ տարհանվածներից 16-ը, կոպիտ ասած, մերոնք չեն, այլ Հայաստանի, Բելառուսի ու Ղազախստանի քաղաքացիներ։
Սա ի՞նչ սպեղանի է մեզ համար։
Այսինքն, այս մարդիկ եկել են իրենց դեսպանատուն՝ փրկվելու, իսկ նրանց ասում են՝ ի՞նչ է, ձե՞ռք եք առնում, մենք ձեզ ինչպե՞ս կարող ենք տարհանել։ Հին ավանդույթների համաձայն՝ գնացեք ռուսների մոտ, նրանք բոլորին են փրկում։ 
Ընթանում էր փառահեղ անկախության 30-րդ տարին»։

Մարգարիտա Սիմոնյանը հեգնում է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի անկախությունը: Ընդ որում, հեգնում է մի առիթով, որը երեւի թե որեւէ ողջախոհ արարածի մոտ որեւէ պետության անկախության հանդեպ հեգնանքի փոխարեն, պետք է առաջացներ մարդասիրական զգացում ու թերեւս նաեւ հպարտություն Ռուսաստանի նկատմամբ՝ որ կարողացել է մարդասիրական ծառայություն մատուցել պետությունների, որոնք, ի դեպ, համարվում են դաշնակիցներ եւ ՌԴ հետ միասին նույն տնտեսական ու ռազմական բլոկներում են: