Գլխավոր Նորություններ «Ադրբեջանում ցնծության մեջ են, ուղղակի երջանկացած են այդ հանդիպման արդյունքներով». Անժելա Էլիբեգովա...

«Ադրբեջանում ցնծության մեջ են, ուղղակի երջանկացած են այդ հանդիպման արդյունքներով». Անժելա Էլիբեգովա (Video)

1765

168.am-ը գրում է․

168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի հետ

– Տիկին Էլիբեգովա, Մյունխենում Նիկոլ Փաշինյան-Ալիև հանդիպման ձևաչափը որքանո՞վ էր արդյունավետ:

– Բացարձակ արդյունավետ չէր, եթե մեր դիմաց դրված է նպատակ՝ խոսել կարգավորման և լուծման մասին, որովհետև ինչպես տեսանք այդ 50 րոպե փոխհրաձգությունից, շատ քիչ խոսվեց բուն կոնֆլիկտի ապագայի մասին, ավելի շատ կենտրոնացել էին պատմական էքսկուրսի մեջ, և արդյունավետությունը մինիմալ էր մեզ համար:

– Դե, եթե Ալիևը սկսել էր պատմությունից, Նիկոլ Փաշինյանը չպե՞տք է հակադարձեր՝ ներկայացնելով հայոց պատմությունը:

– Միջազգային հանրությանը բացարձակ մեկ է՝ 2000 տարի առաջ այդտեղ ով է ապրել, որովհետև եթե խոսում ենք Տիգրան Մեծի մասին, այդտեղ հավաքված եվրոպացիներից շատերն էլ այդ ժամանակ չկային, ինչպես ադրբեջանցիները: Այսինքն՝ դիսկուրսը այդ մակարդակի մեջ տանելն այդ մարդկանց համար ընկալելի չէր: Կարելի է պատմության մասին շատ կարճ խոսել և անդրադառնալ ավելի մոտ պատմությանը, թե ինչ է արել Ադրբեջանը արցախահայերի, Ադրբեջանում բնակվող հայերի հետ, հիշատակել Բաքուն, Սումգայիթը, Մարաղան, «Օղակ» գործողությունը, այսինքն՝ մենք ունենք մեծ փաստավավերագրական բազա, որի շուրջ կարելի է խոսել՝ բացատրելու համար միջազգային հանրությանը՝ ինչու մենք չենք կարող իրենց հետ անվտանգ կողք կողքի ապրել:

– Այս հանդիպման կարևոր մեսիջները որո՞նք էին Ձեզ համար, կամ կայի՞ն նման մեսիջներ:

– Հիմնական հարցականները, որ ինձ մոտ առաջացրեց այդ դիսկուրսը. առաջին՝ ռուս լրագրողը, երբ բարձրաձայնեց հարց, որ ռուսական կողմն առաջարկ է արել փուլային տարբերակի, կողմերն ինչպես են դրան վերաբերվում, Ալիևը ողջունեց, խոսեց փուլային տարբերակի՝ Ադրբեջանի համար նախընտրելի լինելու մասին, և մենք գիտենք, որ դա միշտ այդպես է եղել. Ադրբեջանը միշտ կողմնակից է եղել փուլային տարբերակին, հայկական կողմը՝ փաթեթային տարբերակին: Եվ ակնկալում էինք, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հակադարձի դրան և հիմնավորված ներկայացնի՝ ինչու փուլային տարբերակն ընդունելի չէ հայկական կողմի համար: Փոխարենը՝ Նիկոլ Փաշինյանը խոսեց ինչ-որ միկրոհեղափոխությունների քայլերով առաջ գնալու, փաստացի, ինչ-որ փուլային քայլերի մասին: Այսինքն՝ տպավորություն ստեղծվեց, որ մենք կամ դեմ չենք այդ փուլային տարբերակին, և այդ տրամաբանությամբ են գնալու բանակցությունները, կամ դեմ ենք, բայց դրա մասին չբարձրաձայնվեց ո՛չ հանդիպման ժամանակ, ո՛չ հետո՝ Մյունխենյան սկզբունքների մեջ:

Երկրորդ՝ փաստացի բուն, բանակցային գործընթացի մասին խոսակցություն չգնաց: Տպավորություն էր, որ երբ ՄԽ համանախագահները նկատողություն արեցին, որ պետք է պահվի կոնֆիդենցիալություն՝ բանակցային գործընթացի շուրջ, քննարկման ժամանակ խոսեցին ամեն ինչից, բացի բուն բանակցային գործընթացից:

Նիկոլ Փաշինյանը Մյունխենյան սկզբունքներում նշում է, որ Արցախը և Հայաստանը պատրաստ են երեք ժողովուրդների համար ընդունելի լուծման տարբերակ գտնելուն, բայց ես վստահ չեմ, որ պատրաստ ենք: Միգուցե, միջազգային հանրության համար հարմար է նման մեսիջ տալը, որ մենք կոնստրուկտիվ պատրաստ ենք ադրբեջանցիների համար հարմար լուծում գտնելու, բայց ներքին լսարանի համար դա վտանգավոր թեզ է, որովհետև արդեն հասունանում է դիսկուրս, որ, եթե չեք ուզում, որ առաջնագծում լինեն զոհեր, ուրեմն՝ պետք է գտնել ադրբեջանցիներին հարմար տարբերակ: Ես կողմնակից եմ, որ Արցախի հարցի լուծման տարբերակը պետք է լինի հայկական երկու պետությունների համար ընդունելի և պարտադրվի Ադրբեջանին: Իրենց համար ցանկացած հարմար լուծման դեպքում մենք ունենալու ենք  շատ ավելի շատ զոհեր: Իրենք իրենց մոտեցման մեջ որևէ կոմպրոմիսի պատրաստ չեն, և Իլհամ Ալիևը դրա մասին բացահայտ խոսեց Մյունխենում՝ բացարձակ չամաչելով և չկաշկանդվելով դրանից:

– Խոջալուի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին ի պատասխան` ՀՀ վարչապետը հիշեցրեց Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցը ռուսական թերթին` ասելով, որ Խոջալուի սադրանքը կազմակերպվել էր ադրբեջանական ընդդիմության կողմից` նրան իշխանությունից հեռացնելու նպատակով: Ալիևը ասաց, որ դա ֆեյք նյուզ է: Դուք այսքան տարի զբաղվում եք այս հարցերով, ի վերջո, արդյո՞ք միակ փաստարկն այդ հարցազրույցն էր, որը հիշատակեց ՀՀ վարչապետը:

– Մենք տարիների ընթացքում ունենք ահռելի մեծ փաստավավերագրական բազա, որի տեղը բոլորը գիտեն: Ամբողջ այդ բազան ստեղծված է, ընդամենը պետք է կարդալ, ծանոթանալ և հղում չանել Մութալիբովի այն հարցազրույցին, որից այդ մարդը հետ է կանգնել: Ակնհայտ էր, չէ՞, որ Ալիևը այդ թեման բարձրացնելու է: Եթե ինձ նախապես հարցնեիք՝ ինչի՞ մասին է խոսելու Ալիևը, ես թեզերով ամբողջը կտայի, որովհետև իրենց քարոզչական թեզերը տարիներ շարունակ չեն փոխվում, ստանդարտ են, ու ինքը ստանդարտ այդ թեզերով էլ անցավ: Ուղղակի պետք էր մեկը տասին պատասխան տալ, իսկ մենք այդ մեկը տասին պատասխան տալու ամբողջ փաստագրական բազան ունենք:

– Ադրբեջանում այս հանդիպման վերաբերյալ արձագանքներն ինչպիսի՞ն են:

– Իրենք ցնծության մեջ են, ուղղակի երջանկացած են այդ հանդիպման արդյունքներով: Իրենց քարոզչությունն իրենց կերակրում է և մատուցում է, որ տեսեք՝ տասով զրո արեցինք: Մեզ մոտ էլ են ասում՝ տասով զրո արեցինք, այնտեղ էլ, արդյունքում՝ բովանդակային մասը չի քննարկվում և մնում է ստվերում: