Գլխավոր Մամուլ Կրակոցի հետևանքով մահացած սպա Հայկ Ասրյանը մինչև դիրքեր բարձրանալը գնացել է հոգեբանի...

Կրակոցի հետևանքով մահացած սպա Հայկ Ասրյանը մինչև դիրքեր բարձրանալը գնացել է հոգեբանի մոտ, բայց դա չի խանգարել, որ զենք տան ու դիրք բարձրացնեն

618

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բանակում տիրող իրավիճակի մասով երեկ ուժային կառույցների ղեկավարների խորհրդակցություններն ու քննարկումները հաջորդեցին մեկը մյուսին: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ՝ գործուղումից վերադառնալուց հետո, նախարարությունում ժողով է հրավիրել, որից հետո շտապել է կառավարություն՝ ՀՀ վարչապետի հետ հանդիպման:

Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպումից «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, Փաշինյանն իր մոտ ներկա պաշտոնյաներին առանձին-առանձին իրենց կողմից թույլ տված բացթողումների մասով նկատողություններ է արել: Բոլորը, գլուխները կախ, լսել են: Տեղեկացանք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը վարչապետին ներկայացրել է բոլոր դեպքերը մեկ առ մեկ՝ նշելով, որ մեկը մյուսի հետ կապ չունեն:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ վարչապետի հետ հանդիպումից հետո նախարար Տոնոյանը ՊՆ-ում կտրուկ քայլերի է գնալու, և ՊՆ վարչություններից մեկի պետի մասով կոնկրետ որոշում կա. նա կազատվի պաշտոնից:

Բացի այդ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ հայտնի դարձան փետրվարի 14-ին ճակատի շրջանում կրակոցի հետևանքով մահացած սպա Հայկ Ասրյանի դեպքից: Պարզվում է` նա մինչև դիրքեր բարձրանալը գնացել է հոգեբանի մոտ, բայց դա չի խանգարել, որ զենքը տան նրան ու դիրք բարձրացնեն:

«Ժողովուրդ» օրաթերթը ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց դեպքի հանգամանքներից, վերջինս պատասխանեց. «Քննություն է կատարվում, այլ բան հայտնել չեմ կարող»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: