Գլխավոր Նորություններ Նիկոլ Փաշինյանին կամ տապալում են, կամ ինքն է գնում տապալման. Լարիսա Ալավերդյան...

Նիկոլ Փաշինյանին կամ տապալում են, կամ ինքն է գնում տապալման. Լարիսա Ալավերդյան (video)

737

hayeli.am-ը գրում է

Առաջին դեպքը չէ, երբ մենք տեսնում ենք՝ ինչպես է խայտառակ ձևով պատերազմը տանուլ տված կողմն իրեն պահում այնպես, կարծես՝ պարծենալու բան ունեն։ Այս մասին «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Մյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած դեբատի հոգեբանական կողմին։

«Դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գնահատմամբ՝ ոչ միայն Ալիևի պահվածքը, այլև Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի, ինչպես ասում են՝ «ցինիկ» ծիծաղը պատճառն է նրա, որ մեր կողմը չկարողացավ այդ պատնեշի դիմացը կանգնել․ «Ըստ էության, իրենք պահում իրեն այնպես, ինչպես մենք թույլ ենք տալիս»։

Սակայն Արամ Սարգսյանի համար շատ ավելի կարևոր է դեբատի բովանդակային, քան հոգեբանական կողմը։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը պատրաս՞տ էր ներքաշվելու Ալիևի «ծուղակը», մասնավորապես՝ Խոջալուի ջարդերի հետ կապված, Արամ Սարգսյանն ասել է․ «Միանշանակ պատրաստ չէր։ Երբ Ալիևը խոսում է Խոջալուի մասին, իսկ մեր կողմը չի ասում, որ մեր իրավական քայլերին Ադրբեջանը պատասխանել է ջարդերով, սա ցույց է տալիս, որ մենք խոսում ենք թույլի կարգավիճակում գտնվողի մակարդակից»։

Լարիսա Ալավերդյանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը իր աշխատակազմում չունի համապատասխան փորձագետներ․ «Մյունխենը ցույց տվեց, որ մենք անտեղյակ ենք։ Զարմանում եմ, երբ խոսք գնաց փախստականների մասին, ինչու՞ վարչապետը չասաց, որ մոտ հինգ հարյուր հազար հայեր են տեղահանվել իրենց տարածքից»։

Դիտարկմանը՝ քննադատները ասում են, որ Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանը տեսլական չունի, Արամ Սարգսյանն ասել է․ «Մյունխենյան սկզբունքով՝ Արցախը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը, բայց դա այդպես չէ, Արցախն օրինական ճանապարհով է անկախացել, իսկ Ադրբեջանը՝ ոչ։ Հայաստանի իշխանություններն առ այսօր չեն ճանաչել Արցախի անկախության ճանաչման օրինականությունը։ Լսե՛ք, Ալիևը հստակ է իր պահանջներում, և մեզ ուզում են վերադարձնել հարցի լուծման փուլային տարբերակին»։

Արամ Սարգսյանի խոսքով՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը ցույց տվեց, որ պետք է հայկական կողմն ունենա համահայկական հայեցակարգ։

Լարիսա Ալավերդյանն էլ խնդրեց օրվա իշխանությանը` չաղավաղել արցախյան հիմնահարցը։

Հաղորդման վերջում, խոսելով բանակում մահացության դեպքերի աճից ու հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումից՝ Լարիսա Ալավերդյանն ասել է․ «Ես ամբողջովին դատապարտում եմ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ասում է՝ Հայաստանում կրիմինալ մթնոլորտի արդյունքում են բանակում մահացության դեպքեր գրանցվում։ Դու՛ք եք թույլ տվել, որ բանակի հասցեին լպիրշ են խոսում և բանակում մահացության պատճառները փնտրեք այդտեղ»։

Արամ Սարգսյանի խոսքով էլ՝ երկրում ձևավորվել է անհանդուրժողականության մթնոլորտ, որն իր ազդեցությունն է թողնում նաև բանակի վրա։