Գլխավոր Նորություններ Ովքեր հրաժարական կտան. «զոհասեղանին» նախկինների հետ կապեր ունեցողներն են

Ովքեր հրաժարական կտան. «զոհասեղանին» նախկինների հետ կապեր ունեցողներն են

1045

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո սկսվեցին տեղեկություններ տարածվել Զինված ուժերում սպասվող պաշտոնանկությունների մասին։

ArmDaily.am-ը գրել էր, որ աշխատանքից ազատման դիմում կներկայացնի Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը։ Նկատենք, որ Արթուր Բաղդասարյանը ՌՈ պետ էր նշանակվել 2017 թվականի մայիսին՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին: Վերջերս նա հայտնվել էր աղմկահարույց պատմությունների կիզակետում, «Ժամանակը» գրել էր հեղափոխության օրերին նրա արձակած ապօրինի հրամանների մասին։

Ուշագրավ է, որ նախքան այդ հրապարակումները՝ բանակի օրվա առթիվ նոր իշխանությունները պարգեւատրել էին Բաղդասարյանին՝ նրան գեներալ-մայորի կոչում էին տվել։ Մեր տեղեկություններով՝ ՌՈ պետի պաշտոնում կնշանակվի տեղակալը, ով Դավիթ Տոնոյանի հետ ընկերական հարաբերություններ ունի։

ՊՆ բարոյահոգեբանական վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանին եւս հրահանգել են աշխատանքից ազատման դիմում գրել։ Նա ժամանակին եղել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի օգնականը։ Նա վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2019 թվականի նոյեմբերի 28-ին:

Չնայած շրջանառվում է նաեւ ԳՇ ղեկավար Արտակ Դավթյանի հրաժարականի հարցը, բայց այս փուլում իշխանությունները չեն գնա այդ քայլին։ Նա այսօր ԱԺ-ում մասնակցում է փակ քննարկման, որը վերաբերում է բանակում վերջին շրջանում տեղի ունեցած մահվան դեպքերին։

Աշխատանքից կազատվի նաեւ Արցախի ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը, ով այդ պաշտոնին նշանակվել է 2018թ դեկտեմբերին։ Այդ պաշտոնի համար մի քանի թեկնածուների անուններ են շրջանառվում՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, օպերատիվ գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյան, Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյան, Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, Արցախի ՊԲ շտաբի պետ Ջալալ Հարությունյան։ Մեր աղբյուրները հավանական են համարում Ջալալ Հարությունյանի նշանակումը։ Եւ եթե նա նշանակվի ՊԲ հրամանատար, Արցախի ՊԲ շտաբի պետի թափուր պաշտոնին էլ կնշանակվի Դավիթ Մանուկյանը։ Մյուս կողմից էլ՝ մեկ ամսից Արցախում նախագահական ընտրություններ են, որի արդյունքում նոր կառավարություն կձեւավորվի, այսինքն՝ ՊԲ հրամանատարի նոր թեկնածուն հնարավոր է աշխատի մեկ ամիս։

Նշենք նաեւ, որ Զինված ուժերում կա կարծիք, որ վերջին դեպքերի համար պետք է պատասխանատվության ենթարկվեր հենց ԳՇ պետը, խնդիրը հենց իր վարած քաղաքականությունն է, ոչ թե ՊԲ հրամանատարի ծառայությունը։ Սակայն ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները իրենց վրայից գցում են պատասխանատվություն, բանակում ոչ մարտական կորուստների համար հեռացնում են ոչ թե թիվ մեկ պատասխանատուներին, այլ նրանց, ովքեր նախկինների հետ կապեր են ունեցել։ Այսինքն՝ որքան էլ արդարացի է պատասխանատուներ փնտրելու եւ պատժելու նպատակը, կարծիք կա, որ գուցե հենց նրանք չհայտնվեին «զոհասեղանին», եթե չլինեին նախկինների հետ կապերը։

Նշենք, որ վերջին մեկուկես ամսվա ընթացքում բանակում՝ խաղաղ պայմաններում, 14 զինծառայող է մահացել։ Ստեղծված իրավիճակում ԶՈՒ-ում հրաժարակաների պահանջը հասունացել էր։