Գլխավոր Նորություններ Փաստեր, և Ալիևը կհանձնվի

Փաստեր, և Ալիևը կհանձնվի

35

Hraparak.am-ը գրում է.

«Մյունխենում Փաշինյան-Ալիեւ բանավեճի շուրջ գնահատականների պակաս չկա: Վարչապետին հիմնականում խորհուրդ են տալիս այսուհետեւ ավելի շատ պատմական փաստեր վկայակոչել: Այն, որ Ալիեւը խոսում է Երեւանի կամ Ղարաբաղի խանության ժամանակներից, բոլորովին էլ նրա առավելությունը չէ: Նշանակում է՝ այլ, ավելի հիմնավոր փաստարկներ նա չունի:

Մնում է ապավինել անցյալին, այդ թվում եւ՝ Կովբյուրոյի հայտնի որոշմանը: Մինչդեռ փաստը, որ խնդիրը քննարկվել եւ նման «լուծում» է ստացել, հակառակն է վկայում՝ Լեռնային Ղարաբաղն ադրբեջանական չէ: Հակառակ դեպքում ինքնավարություն չէր ստանա, եւ Ադրբեջանի Կենտգործկոմի 1923թ. հուլիսի 7-ի որոշման մեջ չէր գրվի, որ ինքնավար մարզը կազմավորվում է «Ղարաբաղի հայկական մասին»: Ղարաբաղի խանությունն «անկա՞խ» էր, թե՞՝ Իրանին ենթակա՝ պատմական վեճի թեմա է, իսկ Ադրբեջանի Կենտգործկոմի որոշումը՝ իրավական ստույգ ակտ, որով Լեռնային Ղարաբաղը ճանաչված է հայկական, հայապատկան:

Նույն որոշման մեջ սեւով սպիտակին գրված է, որ ինքնավարության տարածքի հողը, անտառները, ջուրը, բնական հարստությունները պատկանում են «նրա ներկայիս տերերին»: Այսինքն՝ հայերին: Ավելի ուշ, երբ Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմը քննարկում էր Ինքնավար Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության հարցը, մշակվել են սկզբունքներ:

Ի մասնավորի, Կենտկոմի այդ որոշման մեջ սահմանվում էր, որ կենտրոնական իշխանության եւ ինքնավարության միջեւ հաղորդակցության պաշտոնական լեզուն… հայերենն է: Ի վերջո, ԽՍՀՄ Սահմանադրությամբ ինքնավար Լեռնային Ղարաբաղը ոչ թե «պատկանում» էր Ադր. ԽՍՀ-ին, այլ՝ «գտնվում» նրա կազմում: Դադարե՞լ է Ադր. ԽՍՀ-ը: Այո: Դա տեղի է ունեցել 1991թ. հոկտեմբերի 18-ին: Նույն պահից ինքնավար Լեռնային Ղարաբաղը դադարել է Ադրբեջանի կազմում լինելուց: Անկախություն հռչակած Ադրբեջանը պետք է կարգավորեր հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հետ: Նման փորձ արվե՞լ է: Ոչ: Փոխարենն Ադրբեջանի Գերագույն խորհուրդը 1991թ. նոյեմբերի 24-ին լուծարել է ԼՂ ինքնավարությունը, ընդունել որոշում՝ «Ղարաբաղի լեռնային մասի ադրբեջանական բնակչության անվտանգության ապահովման միջոցառումների մասին»՝ կատարումը հանձնարարելով պաշտպանության եւ ներքին գործերի նախարարություններին:

Այդ որոշումն, ի դեպ, երբեւէ չի հրապարակվել: Պետք է պահանջել, որ Ալիեւը հրապարակի: Փաստացի դա նշանակում էր օրենքից եւ պետական հոգածությունից դուրս, հետեւաբար՝ բռնատեղահանման կամ ֆիզիկական ոչնչացման ենթակա հայտարարել ԼՂ 140 000 հայ մեծամասնությանը, նրան դաժան պատերազմ հայտարարել: Որպեսզի չկրկնվի ցեղասպանությունը, ԼՂ հայ մեծամասնությունը դիմել է սեփական պետական ինստիտուտների եւ անվտանգության համակարգի ձեւավորման, անցել կազմակերպված ինքնապաշտպանության, եւ ներկայիս իրողությունները ոչ թե հայկական ծավալապաշտության, այլ ադրբեջանական ագրեսիայի կասեցման հետեւանք են: Ուզու՞մ է Ալիեւը վերացած տեսնել դրանք: Ճանապարհը մեկն է՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, նրա հետ քննարկել սահմանազատման եւ մարդասիրական հարցեր: Ալիեւը չի՞ գնում այդ ճանապարհով: Նրա փոխարեն դա պետք է անի միջազգային հանրությունը՝ մինչ այդ ճանաչելով տարածաշրջանում հայկական զինված ուժերի խաղաղապահ դերակատարությունը»: