Գլխավոր Նորություններ Ուրվականի փոխարեն ի՞նչ է արձանագրել դպրոցի տեսախցիկն իրականում. առեղծվածային դեպքը «բացահայտված» է....

Ուրվականի փոխարեն ի՞նչ է արձանագրել դպրոցի տեսախցիկն իրականում. առեղծվածային դեպքը «բացահայտված» է. Տեսանյութ

820

Որոշ կայքեր երեկվանից շրջանառում են տեղեկություն, թե Էջմիածնի դպրոցներից մեկում պահակը տարօրինակ ձայներ է լսել, անվտանգության աշխատակիցներն էլ շենքում տեղադրված տեսախցիկների տեսագրություններում արձանագրել են ուրվականի զբոսանք դպրոցի միջանցքով, դրանից հետո հաստատությունում դեպքի հետ կապված եկեղեցական արարողություն է արվել, քանի որ ենթադրում են՝ ուրվականն այդ տարածքում վաղուց մահացած մի երեխայի թափառող հոգին է:

Պարզվեց՝ խոսքն Էջմիածնի «Էօրնեկյան» դպրոցի մասին է: Իրականում, ինչպես «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց տնօրեն Սուսաննա Վարդանյանը, այս դպրոցում պահակ չկա, տեսագրության մեջ ակնհայտ լուսավոր կետը տեսախցիկի առաջ պտտվող բզեզ է, դպրոցում էլ տեսագրության մեջ լուսավոր բիծը դեպք չի որակվել, որ դրա հետ կապված որևէ արարողություն կազմակերպվեր: «Իսկ համացանցում տարածված տեսանյութն աննյութ հոդվածագրի աննյութ հոդված է՝ ավելորդ հետաքրքրություն ստեղծելու համար»,- նկատեց Սուսաննա Վարդանյանը:

«Սա ընդամենը մի բզեզի պատմություն է, որ, համացանցում տարածվելով, դարձավ մի կաթիլ մեղրի պատմություն: Մեր դպրոցում պահակ չկա. հիմար-հիմար գրել էին, որ պահակն է հրավիրել անվտանգություն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ տեսագրության մեջ նման պատկերն ստացվել է դպրոցում տեղադրված ինֆրակարմիր լույսի ներքո:

Տեսագրության մեջ առկա այս դրվագի վրա հենց հաջորդ օրն ուշադրություն են դարձրել դպրոցի անվտանգության աշխատակիցները: Նրանք քննարկում են հրավիրել. եթե պարզվեր՝ երևացողը շենք մտած մարդ է, համապատասխան քայլեր ձեռնարկեին: Հրավիրել են նաև տեխնիկական աշխատողներին՝ հասկանալու համար, թե ինչ է երևում: «Տեխնիկական պատասխանատուն միանգամից արձանագրել է՝ միջատ է, որ անդադար պտտվում է այդ տեսախցիկի առաջ»,- պատմեց տնօրենը:

Ո՞վ է տարածել տեսագրությունը հարցին՝ Սուսաննա Վարդանյանը միանշանակ պատասխան չուներ, քանի որ ակնհայտորեն տեսագրությունը դիտել ու քննարկել են շատերը. «Ես կարծում եմ, որ դա նկարել են անվտանգության աշխատակիցները: Հնարավոր է՝ նրանցից մեկին դա հետաքրքիր է թվացել, նկարել է»,- ասաց նա՝ հավելելով, որ տեսանյութը, ամենայն հավանականությամբ, հենց իրենք էլ տարածել են, ու համացանցում բզեզի արտացոլանքը դարձել է վերելակի դռան վրա երևացող ուրվական:

Տեսանյութը տարածող կայքերի լրագրողների դիտարկմանը, որ նախկինում այդ տարածքում փայտե տներ կային, դրանք հրդեհվել են, և «ուրվականը զոհված երեխաներից մեկի հոգին է»՝ Վարդանյանն արձագանքեց հումորով. «Մոտիկ սեփական տների բնակիչները երևի ժողովրդական բանահյուսությամբ ապրող մարդիկ են, բանահյուսության ժանրից բաներ են պատմել»:

Տեսանյութի մասին զրույցներն ազդե՞լ են դպրոցի սաների հաճախումների վրա: Տնօրենը միանշանակ բացառում է. «Դա որևէ քննարկման առիթ չի դարձել, ծնողներն էլ, երեխաներն էլ միայն հումորով են վերաբերվում նման խոսակցություններին: Միայն վերջին օրերին, երբ քննարկումներն ակտիվացան, ավագ դասարանների աշակերտներն առաջարկեցին հակադարձել, հերքել համացանցում տարածվող տեսանյութի ներքո դրվող մեկնաբանությունները: Ես ասել եմ՝ բացարձակ իմաստ չունի, ում հետաքրքիր է, թող ինքն էլ փնտրի, գտնի ուրվականին, մեզ դա հետաքրքիր չէ: Դրա հետ կապված որևէ եկեղեցական արարողություն ևս չի եղել. դա էլ հորինվածքներից մեկն է»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ դպրոցը եկեղեցու հովանու ներքո է գործում, այստեղ պարբերաբար տարբեր արարողություններ լինում են, բայց «տեխնիկական ուրվականի» հետ կապված՝ ոչինչ չեն ձեռնարկել:

Նշենք, որ ուրվականների նկատմամբ հավատը հատուկ է անիմիզմի և նախնիների պաշտամունքի տարրեր ունեցող կրոնական համակարգերին, և ոգիների պաշտամունքի որոշ դրսևորումներ (օրինակ՝ հելոուինը) այսօր էլ պահպանվում են քրիստոնեություն ընդունած եվրոպական ժողովուրդների մեջ: Քրիստոնեական վարդապետության համաձայն՝ մարմնակերպ ոգիներ՝ թափառող ուրվականներ, որ բարի են կամ չար, հույս են տալիս կամ վախեցնում, չկան. աննյութական տեսիլները, պատրանքները չարի փոքրիկ հնարքն են, որոնց նկատմամբ հավատը՝ սնահավատությունը, մարդու հոգում գրավում է իրական՝ Աստծու հանդեպ հավատի տիրույթը: