Գլխավոր Նորություններ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար կհատկացվի 3,5 միլիարդ դրամ

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար կհատկացվի 3,5 միլիարդ դրամ

19

2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 3 միլիարդ 447 միլիոն 366  հազար դրամ: Այս մասին հերթական նիստին գործադիրը որոշում կայացրեց:

Վարչապետը նկատեց, որ այս հարցում հնարավոր է շահարկումներ լինեն և ասաց. «Այդ ծախսվող գումարը ներհոսելու է տնտեսություն, քանի որ տնտեսական գործարքներ են ի վերջո տեղի ունենալու և ժողովրդի կամարտահայտությունը արտահայտելու համար, այո, պետք է  ծախսվեն գումարներ»,-ասաց վարչապետը և նշեց, որ մեկ միլիարդ դոլարով բյուջեի եկամուտները ավելացել են և այս և նման որոշումներում նոր թափ են հաղորդելու:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ քրեական գործերով բյուջե վերադարձվող գումարը շատ ավելին է, և այսպիսի ծախսերը ոչ թե ճոխություն են, այլ անհրաժեշտություն:

Այսպիսով՝ նախատեսած գումարից Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 2 միլիարդ 553,049.0 հազար դրամ, ինչպես նաև 660 միլիոն դրամ՝ հանրաքվեի քվեարկության ժամանակ առնվազն 1.500 տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի  տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացը ապահովելու նպատակով:

Ոստիկանությանը կտրամադրվի 234 միլիոն 317.6 հազար դրամ:

Կառավարության որոշմամբ՝ «ԷԿԵՆԳ» փակ բաժնետիրական ընկերությունը կապահովի հանրաքվեի քվեարկության ժամանակ տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հերարձակման գործընթացի նախապատրաստման և իրականացման ընթացքում «Յուքոմ» ՓԲԸ-ին մասնագիտական, կազմակերպչական աջակցության ցուցաբերում:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: