Հայաստանում սուպերվարչապետական համակարգ այսօր գոյություն չունի, որովհետև այնտեղ, որտեղ ժողովուրդն իշխանություն է, որտեղ համակարգային կոռուպցիան ջախջախված է, և ամեն օր կոռուպցիայի դեմ պայքար է տարվում, չի կարող լինել սուպերվարչապետական համակարգ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությամբ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դուք պատկերացնո՞ւմ եք, որ նախկինում ՍԴ-ում փոփոխություն անելու համար կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը հանրաքվե աներ, բա դա սուպերվարչապետակա՞ն համակարգ է։ Ի՞նչն է պռոբլեմը, հեռախոսը վերցնում ես՝ ասում ես հարգելի բարեկամներ, դուք ազատված եք աշխատանքից։ Մենք հիմա վստահ ասում ենք, որ ժողովրդավարությունը մեր երկրի համար որևէ՝ արտերկրից ներմուծված երևույթ չէ: Դա մեր ժողովրդի արժեհամակարգի մասն է, և դրա համար մենք ունենք ապացույց: Մի ապացույցը 1988թ. ժողովրդավարական շարժումն է, որն առաջիններից էր ողջ սոցիալիստական ճամբարի հատվածում, երկրորդը 2018թ. հեղափոխությունն է, որն էլի աննախադեպ էր»,- նշեց վարչապետը:
«Ժողովրդավարության, լեգիտիմ իշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի պայմաններում սուպերվարչապետական համակարգ չի կարող լինեն, որովհետև զուտ օրինական լիազորություններով հնարավոր չէ այդպիսի համակարգ ունենալ»,- ասաց Փաշինյանը: